Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

«ԿԲ-ն քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ՝ տնտեսության հետագա զարգացման համար» (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը վստահեցնում է՝ Կենտրոնական բանկն ամենօյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ՝ տնտեսության հետագա զարգացման համար:

Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Կենտրոնական բանը հաղորդակցվում է բոլոր բանկերի և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ՝ կարևորելով նրանց սերտ հաղորդակցումը իրենց հաճախորդների հետ:

«Բանկերը և վարկային կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ, որ անհատական մոտեցում են ցուցաբերելու հաճախորդների համար: Մոտեցումները տարբեր են, և յուրաքանչյուրը իր  խնդիրները պետք է քննարկի իր բանկի կամ վարկային կազմակերպության հետ: Դժվարությունների դեպքում բանկերը և վարկային կազմակերպությունները պատրաստ են վերաձևակերպել այդ պարտավորությունը, որպեսզի վարկային բեռը չավելանա, և վարկային պատմությունը բացասական չդառնա»,- անդրադառնալով վարկային պարտավորություններին՝ նշեց Արթուր Ստեփանյանը :

Հարցին թե դոլարի գինը բարձրացել է, իսկ դրամը՝ արժեզրկվել, որքա՞ն ժամանակ սա կպահպանվի, ռուբլու արժեզրկումը բացասական կանդրադառնա՞ Հայաստանի, Արթուր Ստեփանյանն արձագանքեց, որ ԿԲ-ն, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ունի բազմազան գործիքակազմ և պահուստներ՝ անցանկալի զարգացումները կանխելու և արտարժույթային շուկան հանգիստ պահելու համար:

«Ինչ վերաբերում է ռուսական ռուբլու զարգացումներին, ապա մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին համարվում է երկրորդ տատանողական արժույթը աշխարհում, ինչը ոչ միայն առողջապահական խնդիրներով է պայմանավորված, այլ նաև նավթի գների տատանողականության հետ: Ոչ մեկ չի կարող ասել՝ ինչ կլինի ռուսական արժույթի հետ: Բնականաբար, մենք ևս հետևում ենք՝ ինչ է տեղի ունենում Ռուսաստանում, և մեր քաղաքականությունն է հավասարակշռել  կայունությունները մեր տնտեսական ակտիվության պահպանման զուգընթաց»:

ԿԲ խորհրդի անդամը, անդրադառնալով դրամի հնարավոր արժեզրկմանը, նշեց, որ վերջին 5-10 տարիների գնաճի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք ամենացածր գնաճային միջավայրում գտնվող երկրներից մեկն ենք և շարունակելու ենք լինել: