Բացել լրահոսը Փակել լրահոսը
ara-ghazaryan
A A
Քաղաքականություն

Եվրադատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր կայացրել է երկու վճիռ, որոնց գանգատները  ներկայացվել էին մոտ տասը տարի առաջ։  Դրանցից մեկը վերաբերում է ձեռքբերման վաղեմության հիմքով գնելու նախապատվության իրավունքին, իսկ մյուսը քրեական դատավարությունում տուժողի իրավունքներին։ 

Փաստաբան Արա Ղազարյանը, որը այդ գործերը Եվրադատարան ներկայացնողներից մեկն է, մանրամասներ է հրապարակել իրավաբանական գրասենյակի կայքում։

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Կոմիտեի կազմով հրապարակել է «Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով իր վճիռը` արձանագրելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Գործով որպես դիմումատուի ներկայացուցիչ էր հանդես եկել «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:

Դիմումատուն հանգուցյալ Ալբերտ Մկրտումյանի այրին է, ով աշխատում էր Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ում որպես էլեկտրակայանի սպասարկման էլեկտրիկ: 2008 թվականի մարտի 6-ին, երբ նա վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում 6,000 վոլտանի տուրբինի ռեզերվային էլեկտրաապահովման սենյակում, էլեկտրահարման արդյունքում նա տեղում մահանում է:

ՄԻԵԴ-ին ուղղված իր գանգատում Դիմումատուն վիճարկում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումն այն հիմքով, որ իշխանությունները Ալբերտ Մկրտումյանի մահվան հանգամանքների շուրջ պատշաճ քննություն չէին իրականացրել: Մասնավորապես, նա պնդում էր, որ քննությունը իրեն` որպես Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդի, հասանելի չի դարձվել, և աշխատավայրում տեղի ունեցած դեպքի շուրջ բազմակողմանի քննություն չի  իրականացվել:

Իր վճռում ՄԻԵԴ-ը նկատել է, որ դիմումատուն չուներ այլ արդյունավետ պաշտպանության միջոց, քան այս քրեական դատավարության կարգով քննությունը: Նա մատնանշել է, որ դիմումատուի ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ վարույթը չորս անգամ կարճվել է, և երեք անգամ վարույթն իրականացնող մարմնի նման որոշումները վերացվել են դատական ստուգման արդյունքում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը չէր բացահայտել գործի բոլոր հանգամանքները: 

Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշել է, որ բազմաթիվ բացթողումներ են եղել  հատկապես վարույթի սկզբնական փուլում, որը բացասաբար է անդրադարձել  գործի հանգամանքների բացահայտման հեռանկարի վրա: Մասնավորապես, դեպքի վայրը չէր պահպանվել, և քննիչի կողմից փորձաքննությունների չէին նշանակվել դեպքից հետո:

Վերջապես, ՄԻԵԴ-ը մատնանշել է այն դժվարությունները, որոնք դիմումատուն ստիպված էր հաղթահարել` փորձելով ճանաչվել տուժողի իրավահաջորդ, և այդպիսով, լիովին մասնակցել վարույթին: 

Ուստի, ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա ընթացակարգային ասպեկտով:  Դատարանը նաև Դիմումատուին տրամադրել է 10,000 Եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1,600 Եվրո գումար` որպես ծախսերի հատուցում:

 

Նոր ՄԻԵԴ վճիռ Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց իր վճիռը Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով, որով դիմումատուի ներկայացուցիչ էր հանդես եկել «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի»  տնօրեն, փաստաբան Արա Ղազարյանը:

Մոտ 23 տարի դիմումատուին էր պատկանել Տավուշի մարզի Թեղուտ գյուղին հարող հատվածում մոտ 1,300 ք/մ մակերեսով հողատարածք: 2008 թվականի ապրիլին դիմումատուն տեղեկացել էր, որ դրանից մեկ տարի առաջ` 2007 թվականի ապրիլին, Տավուշի մարզպետարանը հրապարակային սակարկություններով վաճառել էր այդ հողատարածքը ոմն Ա.Հ-ի:

ՄԻԵԴ-ին ուղղված իր գանգատում դիմումատուն վիճարկում էր Կոնվենցիայի 6 § 1 հոդվածի խախտումն այն հիմքով,  որ իր որոշման մեջ Վճռաբեկ դատարանը չէր հիմնավորել, թե ինչու չէր կիրառել Հողային օրենսգրքի վերաբերելի դրույթներն այն պայմաններում, երբ հաստատվել էր, որ այդ հողատարածքը պետության սեփականությունն է եղել: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը չէր նշել, թե ինչ իրական նորմ է կիրառլի գործում և ինչ հիմնավորմամբ: Դիմումատուն վիճարկում էր այս հոդվածի խախտումը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հետ համադրությամբ, քանի որ Վճռաբեկ դատարանը չէր անդրադարձել իր բարձրացրած կարևոր փաստարկներին, որոնք կենսական էին գործի քննության համար, և որ դատարանի որոշումը չէր համապատասխանում իր իսկ նախադեպային իրավունքին: 

Բացի այդ, դիմումատուն վիճարկում էր Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում այն հիմքով, որ տեղի էր ունեցել ոչ իրավաչափ միջամտություն իր սեփականության խաղաղ տնօրինման իրավունքին, քանի որ իր տնօրինման տակ 23 տարի գտնված հողատարածքը վաճառվել էր երրորդ անձի այն պարագայում, որ ինքն ուներ այդ հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունք.

Կոմիտեի կազմով ՄԻԵԴ-ն արձանագրեց Կոնվենցիայի 6 § 1 և 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված Դիմումատուի իրավունքների խախտում`  նյութական վնասի համար որպես արդարացի փոխհատուցում տրամադրելով 5,000 Եվրո գումար: 

Այսպես, ՄԻԵԴ-ը գտավ, որ տարբեր դատավարական բացթողումները, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից վերաբերելի նորմերի չմատնանշումը, դիմումատուի կողմից բարձրացված փաստարկներին չանդրադառնալը և իր իսկ նախադեպային իրավունքի չկիրառման համար հիմնավորումներ չտալը, բավարար են եզրահանգելու, որ դիմումատուն չի օգտվել արդարացի վարույթի երաշխիքներից:

Միաժամանակ, այս եզրակացության լույսի ներքո ՄԻԵԴ-ը գտավ, որ գործում առկա խճճված տարրերը հանգեցնում են այն եզրակացության, որ Դիմումատուի` իր սեփականության խաղաղ տնօրինման իրավունքին միջամտությունը եղել է ոչ իրավաչափ: