Շախմատի հավակնորդների մրցաշար. Դին Լիժենը ջախջախեց Ֆաբիանո Կարուանային (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵկատերինբուրգում ընթացող տղամարդկանց շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի առաջատարներից մեկը՝ Ֆաբիանո Կարուանան, սևերով հանդիպեց Դին Լիժենի հետ, որը պարտվել էր մեկնարկային երկու տուրերում: Ամերիկացի գրոսմայստերը 9-րդ քայլին զոհաբերեց զինվորին և փորձեց դիրքային առավելություն ստանալ կենտրոնում: Սակայն, չինացի շախմատիստը ոչ միայն գրագետ պաշտպանվեց, այլև որակ շահեց: Արդյունքում, Դին Լիժենը 59-րդ քայլին մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը և գեղեցիկ հաղթանակ տարավ:
Մնացած երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Երեք տուրից հետո Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Վան Հաոն վաստակել են 2-ական միավոր: Նրանց հաջորդում են Ֆաբիանո Կարուանան ու Ալեքսանդր Գրիշչուկը, որոնք ունեն 1,5-ական միավոր:
Չորրորդ տուրը տեղի կունենա մեկ օր հանգստից հետո, մարտի 21-ին: Կենտրոնական պարտիայում Ֆաբիանո Կարուանան կմրցի Յան Նեպոմնյաշչու, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: