Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Պաշտոնական

ՀՀ Կառավարությունը կդիմի՞ միջազգային ֆինանսական կառույցներին (տեսանյութ)

Կորոնավիրուսը աշխարհի տարբեր երկրներին ոչ միայն առողջապահական մարտահրավեր նետեց , այլ նաև տնտեսական։  

Յուրաքանչյուր նոր օր նոր մարտահրավերներ է առաջ բերում Կառավարությունների առջև,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացնում դժվարին փուլում տնտեսվարողնրին աջակցելու ՀՀ Կառավարության նախնական մոտեցումները։

Նախարարն ասում է՝ ունեն հստակ նպատակ՝ զգալի տնտեսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք դժվարին պայմաններում են կորոնավիրուսային իրավիճակի պատճառով , միևնույն ժամանակ ունեն ծրագիր, թե ինչպես պետք է հաղթահարեն այդ դժվարությունները: Ուշադրության կենտրոնում կլինեն առավել խոցելի խմբերում գտնվողները․խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր այս արտակարգ իրավիճակում զրկվել են աշխատելու և գումար վաստակելու հնարավորությունից:

Այս փուլը հաղթահարելով և առավել կայուն դաշտում հայտնվելուց հետ Գործադիր մարմինը հատուկ դրամագլուխ է սահմանելու  այն կազմակերպությունների համար, ովքեր զարգացման ծրագրերով կդիմեն Կառավարությանը՝ աջակցություն ստանալու համար:

«Կառավարությունը միաժամանակ  գիտակցում է, որ դեռևս մինչև վերջ  հայտնի չեն  այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տնտեսության մեջ, մարդկանց սպառողական վարքագծում և կթելադրեն նաև համապատասխան արձագանք»,-ասաց նախարարը՝ քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում։

Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց՝  երեք հիմնական ուղղություններ կան, որոնք այս պայմաններում առաջին հարվածը վերցրին իրենց վրա.

«Առաջինը զբոսաշրջությունն էր և դրան առնչվող ծառայությունները, երկրորդը արտահանող որոշ կազմակերպություններ են, որոնց հիմնական շուկան  Ռուսաստանն է, գիտեք՝ նավթի գները կրոնավիրուսի տարածման շրջանում անկում  ապրեցին և ՌԴ տնտեսության մեջ  ստեղծեցին որոշ փոփոխություններ, այնտեղ փոխարժեքի զգալի փոփոխություն է  տեղի ունեցել,  որն ազդում է մեր արտահանողների առևտրային պայմանների վրա, և երրորդը՝  այդ նույն պատճառներով աշխարհում պղնձի գնի նվազումն էր»:

Ըստ նախարարի՝ պղնձի  գնի նվազումը արդյունահանող կազմակերպություններից յուրաքանչյուրի համար դժվար պայմաններ  է ստեղծում:

Կառավարությունը քննարկում  է՝ ինչպես  կարող են արձագանքել այս խնդիրներին, և նրանք ևս պետության կողմից որոշակի աջակցություն կստանան,-վստահեցրեց Խաչատրյանը:

Դեռեւս պարզ չէ, թե այս իրավիճակն ինչպես կազդի ՀՆԱ-ի վրա։

«Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու և այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»,- ասաց նախարարը

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը դիմելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններին աջակցություն ստանալու նպատակով, նախարարն ասաց, որ  ուղիղ ռեժիմով խոսում են այն կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում, և նրանց ծրագրերն առաջիկայում կունենան նոր իրավիճակին համապատասխան լուծումներ:

Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԵԱՏՄ երկրների ներսում բժշկական պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքի զրոյացման գործընթաց:

Որոշումը 6 ամսով է, առաջիկայում կարող է նաև երկարացվել՝ ըստ անհրաժեշտության: