Բացել լրահոսը Փակել լրահոսը
img_9046
A A
Պաշտոնական

Պետությունը աջակցելու է վերադարձող ՀՀ քաղաքացիներին․ որոշումն ընդունվեց

Կառավարության որոշմամբ այսօր ընդունվեց «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»։

Ծրագրով առաջնային օժանդակություն կցուցաբերվի Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու  նպատակով։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և գնահատված կարիքներին համապատասխան ուղղորդում։ Այս բաղադրիչը վերաբերում է ինչպես կամավոր, այնպես էլ հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։ Երկրորդը կացարանով ապահովման բաղադրիչն է։

Այն վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։ Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ, 60.000 ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները։

Ծրագրով սահմանվել են ժամանակային չափանիշներ՝ առնվազն 1 տարի արտերկրում բնակության տևողությունը և վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում ծրագրին դիմելու ժամանակահատվածը:

Հարկ է ընդգծել, որ ծրագրի հիմքում ընկած է անձանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։

Ծրագրի ընդունումը կարևոր քայլ է նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչն էլ կարևոր է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի համար։