Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Իմ կարծիքով՝ եթե չներկայանալը գործատուի հրահանգով է, պետք է աշխատանքի վարձատրությունը պահպանվի․ Անանյան (տեսանյութ)

ՊԵԿ-ն աշխատելու է բնականոն ռեժիմով՝ իրականացնելով իր գործառույթներն ամբողջ ծավալով, Կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց  Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց աջակցություն տրամադրել բիզնեսին: Լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին՝ ի՞նչ սկզբունքով  և ընթացակարգերով է տրամադրվելու այդ աջակցությունը:

Անանյանն ասաց՝ ուսումնասիրել են միջազգային փորձը, հաշվի են առել մեր տնտեսության առանձնահատկությունները, ինչպես նաև հարկ վճարելու մշակույթի ոչ այնքան գոհացուցիչ մակարդակը և նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում փոքր-ինչ բարելավվել է տնտեսվարողների կողմից պարտաճանաչ հարկեր վճարելու իրավիճակը։ Արդյունքում որոշել են ձեռնպահ մնալ հարկային արտոնություններ և արձակուրդներ տրամադրելու մոտեցումից.

«Որոշեցինք, որ Կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ, օժանդակություններ՝ շատ դեպքերում բանկային համակարգի ներդրմամբ, շատ դեպքերում՝ ուղղակի»:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց՝  նախագիծը կամբողջականանա այսօր ու վաղը, և մոտ երկու օրից տնտեսվարողներին կառաջարկեն աջակցության կոնկրետ ձևեր:

Ուշադրության առանցքում են լինելու զբոսաշրջության, հյուրանոցային տնտեսության, հանրային սննդի և մի շարք այլ ոլորտներ,-վստահեցնում է ՊԵԿ նախագահը և հավելում՝ այս իրավիճակում առավելապես խոցելի են նշված ոլորտի տնտեսվարողները:

«Մենք ընտրել ենք հասցեական փոխառությունների տրամադրման, փոխառության տոկոսների սուբսիդավորման, փոխառությունների համաֆինանսավորման գործիքի կիրառման, վերաֆինանսավորման գործիքի կիրառման, սոցիալական օժանդակությունների կիրառման և այլ մեթոդեր»:

Հարցին, թե կազմակերպությունը արտակարգ դրության պայմաններում ունի՞ արդյոք իրավունք օրավարձով աշխատողներին չվճարելու, Անանյանն ասաց, որ այստեղ աշխատանքային օրենսդրության մեկնաբանման հարց է.

«Իմ կարծիքով՝  եթե աշխատանքի չներկայանալը գործատուի հրահանգով է, պետք է աշխատանքի վարձատրությունը պահպանվի»:

Ինչ վերաբերում է արտակարգ պայմաններում պետբյուջեի  եկամուտների հավանական նվազմանը և հնարավոր ռիսկերին, Անանյանն ասաց՝  ինչպես վարչապետն է ասել, մենք այսօր պատկերացնում ենք, որ երեկվա աշխարհը և երեկվա տնտեսությունը գոյություն չունեն, և այս պայմաններում, ըստ Անանյանի, այսօր այդ խնդրի մասին խոսելը հիպոթետիկ հարց է, ուստի ինքը պատրաստ չէ ասել, թե  որքան կլինի եկամուտների նվազումը:

Այնուամենայնիվ, ՊԵԿ ղեկավարը վստահեցրեց, որ պատրաստ են բոլոր զարգացումներին:

Լրագրողներից մեկը հետաքրքվեց, թե արտակարգ դրության պայմաններում ավելացե՞լ են արդյոք տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերը, Անանյանն ասաց՝ ապրանքաշրջանառության ծավալներն ընկել են,  ՀԴՄ-ների քանակը նվազել է, և սա պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով:

«Առևտրի ոլորտում կա որոշակի տեղաշարժ նաև դրական առումով, 40-45 տոկոսանոց աճ բայց, օրինակ, մարտի 16-ին տպվել է շուրջ 1.3 մլն ՀԴՄ, մարտի 12-ին տպվել է շուրջ 1.5 մլն ՀԴՄ, այսինքն՝  արանքում եղել են անկումներ և վերելքներ, բայց էական փոփոխությունները , կարծում եմ, դեռ առջևում են»:

Վստահեցրեց՝ ՀԴՄ-ների վերահսկողության առումով իրավիճակը նույնն է: