Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բուռն քննարկում Կառավարության նիստին (տեսանյութ)

Կառավարության նիստին «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ նախագծով կանոնակարգվում է ծանր հիվանդության հիմքով դատապարտյալների, կալանավորվածների կալանքից ազատման հարցի քննության ժամկետի և ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու ժամկետի կանոնակարգմանը։

Նախարարը նկատեց, որ հունվարին 2 ցավալի դեպք է գրանցվել, երբ ծանր հիվանդության հիմքով դատապարտյալները մահացել են, և նրանց գործով դատական նիստերը նշանակվել են 20-25 օր հետո, բայց այդ ընթացքում նրանք մահացել էին։

«Առաջարկվում է կալանավորված անձանց դեպքում վարչակազմի միջոցով միջնորդություն ներկայացնել հսկող դատախազին, և իսկ վերջինս պարտավոր է անհապաղ՝ ոչ ուշ քան հաջորդ օրվա ընթացքում, միջնորդություն ներկայացնել դատարանին։ Նույնը նաև դատապարտյալի դեպքում»,- ասաց նա։

Մարդու իրավունքների պաշտպանը թեև ողջունեց նախագիծը, բայց որոշ դիտարկումներ արեց։ Նախագծում կետեր կան, որոնք ըստ նրա՝ պետք է փոխվեն, որովհետև նույնիսկ կարող են Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել։

Արման Թաթոյանը պարզաբանեց, որ առաջինը բժշկական հանձնաժողովն է եզրակացություն տալու, եթե հանձնաժողովը ասի, որ ծանր հիվանդություն առկա է, ապա ՔԿՀ-ն միջնորդություն է ներկայացնում դատախազին, բայց եթե հանձնաժողովն ասի, որ առկա չէ, ապա այդ եզրակացությունը դատախազին չի հասնում։

«Հետևաբար ստացվում է, որ հանձնաժողովի եզրակացության հիման վրա անձը զրկվեց իր գործը դատախազի կողմից քննելու հնարավորությունից։ Մենք առաջարկում ենք, որ անգամ ծանր հիվանդություն չլինելու դեպքում էլ գործը գնա դատախազի մոտ, և վերջինս որոշում կայացնի»,- ասաց ՄԻՊ-ը։

Խոսակցությանը միջամտեց նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա չկիսեց ՄԻՊ-ի դիրքորոշումը, որովհետև խափանման միջոցը փոխելու լիազորությունը դատախազն ունի, անկախ նրանից՝ հիվանդություն կա՞, թե չէ։

«Այս նախագիծը հրատապ ռեժիմով կարգավորում է ծանր հիվանդության առկայության հարցերը, եթե հանձնաժողովը տվեց եզրակացություն, որ առկա չէ ծանր հիվանդություն, որևէ այլ պայմաններում էդ անձի խափանման միջոցի վերանայման անհրաժեշտություն եթե կա, դատախազը ոչ մի դեպքում զրկված չէ դրանից»,- ասաց նա։

Քննարկմանը միացան նաև վարչապետն ու Արդարադատության նախարարը, եւ այն անցավ բուռն։ Որոշվեց նախագիծը քվեարկության չդնել, այն ևս մեկ անգամ կքննարկվի համապատասխան կոմիտեում։