Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքապետը հորդորում է պահել գրված և չգրված օրենքները (տեսանյութ)

Երևանի ավագանու հերթական նիստն այս անգամ անցկացվում է  քաղաքապետարանի ճեմասրահում՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման վտանգը:

Նիստին մասնակցում է ավագանու 44 անդամ:

Մեկնարկին քաղաքապետ Հայկ Մարությանը ես մեկ անգամ կոչով դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով պահել գրված և չգրված օրենքները.

«Մենք պետք է ցուցաբերենք շատ բարձր սոցիալական պատասխանատվություն, և այսօրվա իրավիճակի արագ ընթացքը կախված է բոլորիցս: Ես կխնդրեմ բոլորին, որ ամեն մեկը իր տեղում նպաստի այս ամենի արագ ավարտին: Ինչ-որ պահանջվում է պետությունից, համայնքից, Երևանի քաղաքապետարանից, մարզպետարանից, ամեն ինչ արվում է, բայց առանց ՀՀ ամեն մի քաղաքացու մասնակցության, բնականաբար, մենք արդյունք չենք ունենա»:

Քաղաքապետն ընդգծեց, որ վիրուսի հետևանքներն անխուսափելի են, մենք կարող ենք միայն ինքնապաշտպանվել և մտածել դիմացինի մասին.

«Ես խնդրում եմ, որպեսզի հանրային վայրերում, այն է՝ տրանսպորտում, խանութներում մարդիկ կրեն դիմակներ: Սա առաջին հերթին պետք է ոչ թե, որ դուք ձեզ պաշտպանեք, այլ նրա համար, որպեսզի դուք պաշտպանեք ձեր դիմացինին ձեզնից: Շատ հաճախ այս հիվանդությունը, նաև այլ վիրուսներ, լինում են ասիմպտոմատիկ, և դուք կարող եք չիմանալ, որ  արդեն վարակակիր եք , կարող եք վարակել ձեր դիմացինին: Կրելով այդ դիմակը՝ օգնում եք ձեր դիմացինին, որպեսզի նա չվարակվի»:

Քաղաքապետը հորդորեց նաև շատ ուշադիր լինել տարեց մարդկանց նկատմամբ․

«Աշխատեք կոնտակտը քչացնել իրենց հետ, աշխատեք դիստանցիայի վրա շփվել կամ իրենց հետ նույնպես շփվել դիմակով»:

Մարությանը ևս մեկ անգամ տարեց մարդկանց հորդորեց տանից դուրս գալ շատ քիչ, երիտասարդներին էլ հորդորեց գնումների և այլ հարցերում օգնել նրանց:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, Մարությանն ասաց, որ աշխատում են 24/7 ռեժիմով, չեն աշխատում միայն ռիսկային խմբում գտնվող աշխատակիցները:

Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց բոլոր բուժաշխատողներին, ինչն ուղեկցվեց ծափերով:

Մարությանը շնորհակալություն հայտնեց նաև  հանրային ծառայություն իրականացնող մյուս բոլոր անձանց:

Հիշեցնենք ,որ տարբեր առաջարկներ են եղել՝ հետաձգել ավագանու նիստը, Մարությանն ասաց՝ եթե ընտրել են այս աշխատանքը, պետք է պատրաստ լինեն աշխատել նաև արտակարգ, հատկապես՝ այդ պայմաններում: