Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ե՞րբ քաղաքապետարանը կկատարի 100 ավտոբուսների գնումը (տեսանյութ)

Երևանի ավագանու այսօրվա հերթական նիստում, մինչ հիմնական օրակարգին անցնելը, ավագանու նախկին անդամ, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրված Հենրիկ Հարթենյանի մանդատը փոխանցվեց նույն դաշինքի ցուցակում հաջորդ համարին՝ Պավել Սարգսյանին:

Հիշեցնեք՝ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր էր դրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը սոցցանցի իր էջում տարածելու և կից գրառում անելու պատճառով։

Քաղաքապետը նաև տեղեկացրեց՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրված ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանը հրաժարվել է ավագանու մանդատից, նրա կփոխարինի ցուցակի հաջորդ համար Հռիփսիմե Հունանյանը:

 Անցնելով բուն օրակարգին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաշվետվությունը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ նախորդ ավագանու նիստերից մեկում  ներկայացվել է, որ նախատեսվում է ձեռք բերել շուրջ 100 ավտոբուս, և գնումը պետք է հայտարարված լիներ մինչև փետրվար ամսվա ավարտը: Խաժակյանը նկատեց, որ գնումը հայտարարված չէ, և քաղաքապետարանը որևէ տեսակետ կամ պարզաբանում չի ներկայացրել:

Խաժակյանը հետաքրքրվեց, թե առհասարակ ի՞նչ գործընթաց կա տրանսպորտային համակարգի ներդրման առումով:

Քաղաքապետն արձագանքեց, որ խոսքը մրցույթ հայտարարելու մասին է եղել, փոխքաղաքապետն էլ ասաց, որ տեխնիկական պատճառներով մրցույթը չի եղել։

Բայց երեկ արդեն խոսակցություն են ունեցել մասնագետների հետ, և մրցույթը կհրապարակվի մինչև հաջորդ շաբաթվա վերջ:

Մարությանը հավելեց, որ այն մասնագետները, որոնք պետք  է միանային գործընթացի վերջին փուլի մշակումներին, չեն եկել կորոնավիրուսի պատճառով, որովհետև Եվրոպայում վիրուսի տարածումը սկսվել է շատ ավելի վաղ:

Հիշեցնենք, որ ավագանու փետրվարի 11-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր,, որ հենց փետրվարին պատրաստվում են 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել և հույս էր հայտնել, որ  ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում: