Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մայրաքաղաքի բյուջեի թերակատարումը կազմել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոս. Խաժակյան (տեսանյութ)

Երևանի ավագանին քննարկեց և 41 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Նախագծի հարակից զեկուցողն էր Ֆինանսավարկային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը, ով նշեց՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հետաքրքրվեց, թե որպես Ֆինասատնտեսական հանձնաժողովի նախագահ՝ ի՞նչ կարծիք ունի այն հարցի վերաբերյալ, որ բյուջեի կատարողականի այս տարվա թերակատարումը գերազանցել է երբևէ Երևանում եղած թերկատարումներին:

Ավագանու անդամը նշեց, որ թերակատարումը կազմել է շուրջ 30 տոկոս, իսկ առանձին՝ կարևորագույն ծախսային հոդվածներով կա 90 տոկոսի թերաատարում.

Խաժակյանը պնդեց՝  կատարվել է նախատեսված աշխատանքների 10 տոկոսը:
Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ շատ լավ ցուցանիշներ են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով, բազմաթիվ հոդվածներ կան, որոնք գերակատարված են:

«Թերակատարման մասով իհարկե չի գոհացնում ցուցանիշը,  կարծում եմ, որ այդ նպատակով է Գնումների օրենքը փոխվել: Հույս ունեմ՝ այս տարի ավելի լավ կատարողական կունենանք ծախսային մասով, որովհետև եկամունտների մասով նորմալ, նույնիսկ շատ լավ  պատկեր է»,- ասաց նա:

Դավիթ Խաժակյանը իր ելույթում ասաց՝ լավին լավ են ասում, վատին՝ վատ:

«Եկամտային մասը կատարվել է, և սա լավ է, կամ, ինչպես ընդունված է ասել, սա նորմալ է, նորմալ բաներին հիմնականում չենք անդրադառնում, արձանագրում ենք , որ դա ունենք և կենտրոնանում ենք անելիքների վրա»,- ասաց նա:

Խաժակյանն ընդգծեց՝  2019-ի բյուջեն, որը ծրագրավորվել է ամբողջությամբ այս ավագանու կողմից և իրականացվել է ամբողջությամբ այս քաղաքային իշխանությունների կողմից, իր բացասական ցուցանիշով ծախսային մասով գերազանցել է 2018-ի այն ժամանակահատվածին, երբ մենք ամիսներ շարունակ ունեինք անցումային, նախընտրական շրջան:

«Նախադպրոցական հաստատություների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանարոգման համար Երևանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է տասը տոկոսը՝ տարեկան ճշտվածի և 8.97 տոկոսը՝ հաստատվածի: Այսինքն՝ մենք ունենք 90 և ավել տոկոս թերակատարում, ինչը նշանակում է, որ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, իսկ մեր քաղաքում մանկապարտեզները բարվոք վիճակում չեն, և մենք այդ գումարից ծախսել ենք ընդամենը 10 տոկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, այսինք՝ պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք,  դրա կեսն է ձեռք բերվել»,- ասաց նա։

Խաժակյանը մատնանշեց այլ ոլորտների խնդիրներ ևս , մասնավորապես՝ տեղեկացրեց, որ ոռոգման ցանցի բարելավման մասով ավագանին նախատեսել էր 154 մլն դրամ, կատարվել է ընդամենը 50 մլն դրամը:

Թեքահարթակների մասով՝ 2019-ին Երևանի ավագանին թեքահարթակների համար նախատեսել էր 100 մլն դրամ, որից կատարվել է ընդամենը 27 մլն-ը։

«Երբ մենք գալիս ենք այստեղ՝ բյուջե հաստատելու, կարծում եմ՝ ժամավաճառությամբ չենք զբաղված, որ ասենք՝ դե դա թող այդպես անհետևանք մնա: Ես, իհարկե, կոչ չեմ անի դեմ քվեարկել, ոչ էլ կոչ կանեմ՝ դակել, դուք ինքներդ եք որոշում՝ ինչ պետք է անեք, բայց ակնհայտ է՝ այս ցուցանիշներն անբավարար են»,- ասաց Դավիթ Խաժակյանը: