Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Հասարակություն

«Ամենադաժան միջոցները կիրառում էին, որ ինձ ոչնչացնեն»․ «Օֆշորի գործով» դատապարտված Աշոտ Սուքիասյան

 Հունվարի վերջից ազատության մեջ գտնվող  «Օֆշորի գործով» դատապարտված գործարար Աշոտ Սուքիասյանը հայտարարում է, որ անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել։   «Ա1+»-ի հետ զրույցում  պնդեց, որ մինչ դատավճիռը՝ կալանքի երեք ու կես տարիների ընթացքում  տեսակցությունները, դրսից սնունդ ստանալը արգելված է եղել, ինչը նա համարում է խոշտանգման դրսեւորում։

«Ամենադաժան միջոցները կիրառում էին, որ ինձ ոչնչացնեն, ինչը մարդու իրավունքների խախտում է: Ես Եվրոպական դատարան եմ դիմելու, վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո։ Նույնիսկ թույլ չեն տվել քահանայի հետ հանդիպել՝ խոստովանություն ստանալու համար»,-ասաց նա։

Ադամանդագործ  Աշոտ Սուքիասյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման՝  խարդախության, փողեր լվանալու և  հարկերից  խուսափելու համար։ Վերաքննիչն  համարել է՝ նա չի իրականացրել փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերի խարդախություն։  Դատարանը պատժաչափը դարձրել էր  վեց տարվա ազատազրկումը՝  պատժի կրման սկիզբը սահմանելով  2014-ի հունվարի 31-ը։  

Աշոտ Սուքիասյանը դատապարտվել է գործարար Փայլակ Հայրապետյանի բողոքից հետո։  Նա պնդում էր, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավադրել է ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի անունով, որպեսզի  ներդրվի Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ։ Բայց փոխարենը՝  փոխանցվել է  կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների:

Փայլակ Հայրապետյանը  վճռաբեկ  բողոք է ներկայացրել վերաքննիչի որոշումից հետո։

«Ինչպե՞ս պետք է ինձ դատեին փողերի լվացման համար, երբ ես վարկ եմ տվել, վարկի ի՞նչն եմ, ես լվացել: Բանկն ինձ կեղտոտ փող է տվել, որ լվացել եմ»,-բողոքին անդրադառնում է  Աշոտ Սուքիասյանը,որը  շարունակում է պնդել, որ  անհիմն է եղել անգամ հարկերից խուսափելու մեղադրանքը։

«Որպեսզի բեռս բարդացնեն և ամբողջ կյանք բանտում անցկացնեմ, իմ վրա դրեցին նաև հարկերից խուսափելը այն դեպքում, երբ գերավճար ունեի, ոչ թե պարտքեր: Փաստորեն, այդ բոլոր փաստաթղթերը անտեսել են, բերեցին, օդի մեջ գրեցին  եւ  պարտքը կազմեց 680 մլն դրամ: Մենք բողոքարկեցինք,  նույն կազմակերպությունը վերահաշվարկ արեց, գրեց 82 մլն դրամ, բայց մենք դրան էլ համաձայն չէինք, ասում էինք՝ փաստաթղթերը կիսատ են: Փորձագետը ասաց, որ քննիչը չի թողնում, եթե լրիվ նայենք ձեր գերավճարները կերևան և չենք կարող մեղադրանք առաջադրել»,- ասում  է նա։

Աշոտ Սուքիասյանի խոսքով՝ հետագայում Վերաքննիչ դատարանը  կրկնակի փորձաքննություն է նշանակել, ինչից հետո 82 մլնը դարձել է 11.7 մլն դրամ, որից Մայր գումարը ընդամենը 5 մլն դրամն է կազմել։

Եթե Փայլակ Հայրապետյանը բողոքարկում է Աշոտ Սուքիասյանի պատժաչափը կրճատելու որոշումը, ապա  ադամանդագործի  փաստաբաններն իրենց հերթին  դիմել են Վճռաբեկ դատարան, որպեսզի վերահաշվարկ արվի, քանի որ առկա է Վերաքննիչ դատարանի կրկնակի դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը, որտեղ 82 մլն դրամը նվազեցվել է 11.7 մլն դրամի:

«Ծիծաղելի է, իմ շրջանառությունը տարեկան կազմել է 43 մլն դոլար, ինձ մեղադրում են 10 հազար դոլարից խուսափելու համար»,-ասում է Աշոտ Սուքիասյանը։

Նա նաեւ  հայտարարում է, որ կորցրել է  իր  ունեցվածքը  բանտում գտնվելիս։

«Պրոմեթեյ» բանկում / Էվոկաբանկ/ 3 մլն դոլարի չափ վարկ ունեի, որից փակել էի 1 մլն 700 հազար մայր գումարը։ Այդ չվճարված՝ մնացած  1 մլն 300 հազար դոլարի դիմաց տարել են իմ 10 մլն-ի ամբողջ կապիտալը՝ մտածելով, որ ես բանտից դուրս չեմ գա»,-ասաց Աշոտ Սուքիասյանը։