Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Իրանում ցեմենտի գնի անկումը պահպանվում է. ՀՀ կառավարությունն առաջարկում է պահպանել 14 հազար դրամ պետտուրքը (տեսանյութ)

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր մի քանի հարցեր հետաձգվեցին՝ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների բացակայության պատճառով:

Այնուամենայնիվ, նիստի անդամներն անցան հարցերի քննարկմանը:

 Օրակարգում նախորդ տարի մեծ աղմուկ հանած, ընդդիմադիրների և իշխանական պատգամավորների միջեւ բուռն վեճերի առիթ դարձած՝ ցեմենտի տուրքին վերաբերող նախագիծը ևս երեք ամսով երկարացնելու հարցն էր:

Հիշեցնենք, նախորդ տարի ընդունվեց օրինագիծ,  ըստ որի՝ ներկրվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանվեց 14 հազար դրամ պետական տուրք:

Այն ժամանակ դեռ պայմանավորվեցին՝ սահմանափակումը կգործի մեկ տարի ժամկետով:

Այսօր  Կառավարությունն առաջարկում է ևս երեք ամսով պահպանել նույն ռեժիմը, մինչև համապարփակ լուծում գտնելը:

էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը պարզաբանում է, որ ներկայումս Իրանից և մի շարք այլ երկրներից եկող ցեմենտի գները անբնական ցածր են, դա, ըստ նրա, պայմանավորված է մի շարք գործոննրով, ինչի մասին խոսել են դեռ նախորդ տարի և այսօր այդ գործոնները դեռ պահպանվում են:

Խոսքը, ըստ փոխնախարարի, ռիալի զգալի արժեզրկման մասին է, ինչպես նաև  Իրանի նկատմամբ տարբեր սանկցիաների կիրառման հետևանքով տնտեսական մոդելի փոփոխություն է տեղի ունեցել:

Երրորդ գործոնն այն է, որ  Իրանի տնտեսությունն այս պահին անկում է ապրում, ինչի արդյունքում ցեմենտի և կլինկերի ներքին պահանջարկը ևս  անկում է ապրել։

Էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցրեց,  որ տուրքի սահմանումից հետո ցեմենտի ներկրումը որոշակիորեն կայունացել է՝ դանդաղել է, բայց չի վերածվել 0-ի:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ մեզ մոտ կլինկերի հայրենական նոր արտադրող ի հայտ եկե՞լ է թե՞ ոչ, Ավանեսյանը  պատասխանեց, որ նոր կլինկեր արտադրողներ չեն ավելացել, այդ գործընթացը տևում է բավականին երկար:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հայտարարեց, որ կորնավիրուսի տարածումով պայմանավորված՝ այսպես թե այնպես իրանական ցեմենտը շուկա չի մտնում, այդ պարագայում ո՞րն է այս օրենքի իմաստը։ ՝ Ավանեսյանն արձագանքեց, որ հենց այդ խնդիրները հաշվի առնելով՝ օրենքի ընդունումը առնվազն մինչև հուլիսի մեկը նպատակահարմար է:

Փոխնախարարը չբացառեց, որ հուլիսին կրկին հանդես կգան պետական տուրքի կիրառումը երկարացնելու նախագծով՝ հաշվի առնելով առկա ճգնաժամային  իրավիճակը, բայց առավել հավանական համարեց, որ հանդես կգան խորքային լուծումներով, եթե ցեմենտի ցածր գնի հետ կապված խնդիրները չվերանան:

Ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց, որ ակնկալում էր, որ իրենց ներկայացվելու է հստակ տեղեկատվություն՝ ինչ արդյունքներ կան օրինագծի ընդունումից մեկ տարի հետո, ինչ ազդեցություն է այն ունեցել, պատգամավորը պնդեց, որ մի շարք հարցերի պատասխաններ չստացան:

Մտքերի փոխանակման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կարծիք հայտնեց, որ եթե տուրքը չլիներ, տեղական արտադրողների մասանաբաժինը ոչ միայն չէր աճի, այլ նաև մենք կկորցնեինք մեր տեղական ատադրողներին և կունենայինք հսկայական վնասներ:

Նույն խմբակցությունից Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Կառավարությունը առաջարկում էր 22 հազար դրամ պետտուրք, ինչին համաձայն էին տեղական արտաադրողները և դժգոհում էին միայն ներմուծողները:

«Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ մեր ընտրած թիվը բալանսավորված էր, և հավասարապես պաշտպանեց շուկայում  թե՛ արտադրողներին, թե՛ ներմուծողներին, ինչի արդյունքում շուկայում ունեցանք ցեմենտի գնի պահպանում»:

ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը ներկայացված օրինագծի վերաբերյալ շեշտեց, որ  օրենքները երկու-երեք ամսով բերելը արդյունավետ չէ, պետք է աշխատել տարեկան ցիկլերով:

Ի վեջո  հանձնաժողովը որոշեց նախագծում կատարել ժամկետների փոխոխություն՝ հուլիսի 1-ի փոխարեն սահմանել դեկտեմբերի 30-ը:

Արդեն լրամշակված տարբերակով առաջին ընթերցմամբ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց նախագիծը: