Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամեն ինչ միայն՝ պարետի ցուցումով․ ինչ սահմանափակումներ են մտցվել Հայաստանում (տեսանյութ)

Կառավարությունում հրավիրված ասուլիսին Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ներկայացրեց արտակարգ դրության ժամանակ կիրառվող սահմանափակումները։

«Արգելվում է պարետի կողմից սահմանված ցանկի պետություններից, որոնք համաճարաբանական լարված իրավիճակում են գտնվում՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե, բացառություն են կազմում դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները,  նաև պարետի կողմից նախատեսված դեպքերը»,- նշեց փոխնանախարարը։

Հայաստան մուտք գործելուց հետո, նրանք զննություն են անցնում, եթե ախտանիշներ են հայտնաբերվում, նրանք կամ մեկուսացվում են, կամ էլ ինքնամեկուսացվում։

 ՀՀ բոլոր քաղաքացիների մուտքը թույլատրվում է Հայաստան, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներինը, անկախ նրանից՝ նրանք ՀՀ քաղաքացի են, թե ոչ։

«Արգելվում է ՀՀ քաղաքացիների ցամաքային անցակետերով ելքը, բացառությամբ   բեռնափոխադրումներով զբաղվող  վարորդների»,- ասաց Վահե Դանիելյանը։

Արգելքների ցանկում է նաև հավաքների, գործադուլների իրականացումը, զորամասերում, ՔԿՀ-ներում հանձնուքների, ծանրոցների, փաթեթեների ստանալն ու ուղարկելը։

«Արգելվում է նաև տեսակցությունը, բացառությամբ՝ տեսազանգից օգտվելու դեպքերի»,- նշեց Արդարադատության փոխնախարարը։

Սահմանափակումներ կան նաև Զանգվածային լրատվության միջոցների համար։
«ԶԼՄ-ները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն և հնարավորինս վերարտադրեն այդ տեղեկատվությունը հղում անելով այդ տեղեկատվությանը։ Պաշտոնական տեղեկատվությունը պարետատան կողմից ներկայացված տեղեկատվությունն է»,- ասաց Վահե Դանիելյանը, հավելելով, որ այդ իրավական ռեժիմը չպահպանելու պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվության կենթարկվեն։

 Վահե Դանիելյանից հետաքրքրվեցին, թե արտակարգ դրության 1 օրվա ընթացքում ի՞նչ խախտումներ ու ահազանգեր են ստացել։  Ի պատասխան, փոխնախարարն ասաց, որ ահազանգեր ստացվել են ԶԼՄ-ներից, առանձին հրապարակումների վերաբերյալ։

«Քիչ առաջ ես նաև հանդիպում ունեի ԶԼՄ ներկայացուցիչների հետ, մենք      քննարկում էինք առկա սահմանափակումները, որոշակի թյուրընկալում կա այս հասկացությունների հետ, թե ո՞ր տեսակի տեղեկաատվությունը իրավունք ունեն հրապարակելու, որը՝ ոչ։ Որոշ դեպքեր արձանագրվել են, կարծում եմ մեր քննարկումների արդյունքում նման դեպքերը կնվազեն»,- ընդգծեց  Վահե Դանիելյանը։

«Այս պահանջը վերաբերում է նաև քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ սոցիալական ցանցերում հրապարակումներին, որոնք բացառապես վերաբերում են կորոնավիրուսին ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս տարածման դեպքերին, վարակված անձանց քանակի, նրանց հետ շփում ունեցած անձանց քանակի, մեկուսացավածների, կամ էլ ինքնամեկուսացվածների վերաբերյալ»,-պարզաբանեց փոխնախարարը։

Մյուս տիպի սահմանափակումները կարող են կիրառվել պարետի ցուցումով։
«Օրինակ՝ համայնքի վարչական սահմանում  կարող է սահմանվել մուտք գործելու և  համայնքի սահմանից դուրս գալու սահմանափակումներ, բացառությամբ՝ առաջին  անհրաժեշտության ապրանանքների մատակարարման դեպքերի։ Նաև տրանսպորտային միջոցների զննում կարող է սահմանվել, դրանց մուտքերի, ելքերի արգելք»,- ասաց նա։

 Պարետի ցուցումով հնարավոր է նաև սահմանափակել հանրային միջոցառումները, որոնց մասնակցում են 20 և ավելի անձինք։

«Պարետի ցուցումով՝  առանձին վարչատարածքային միավորներում կարող են փակվել սննդի օբյեկտները։ Զվարճանքի, բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը ևս կարող է սահմանափակվել։ Հնարավոր է նաև, որ պարետի որոշմամբ՝ առանձին ապրանքատեսակներ, կամ դրանց առանձին խմբերի ներմուծումն ու արտահանումը արգելվի»,- ներկայացրեց Վահե Դանիելյանը։

 Հիշեցնենք, որ Հայաստանում երեկ՝ մարտի 16-ից, ժամը՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն։