Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, նա շփվել է վարակված անձանցից մեկի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին վարչապետն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Նա հայտնեց, որ ընտանիքի հետ դեռևս գտնվում է Սևանում։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ ինքն ու կինը՝ Աննա Հակոբյանը թեստ էին հանձնել, որի պատասխանները բացասական են եղել, սակայն այսօր հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված անձանցից մեկը Մեղրիից է։
«Պարզվում է, որ ես Մեղրիից Երևան գալու ճանապարհին, կոնկրետ այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել: Իհարկե, ոչ շատ սերտ շփում: Այդ պատճառով ես մոտ մեկ ժամ առաջ նոր թեստ հանձնեցի կորոնավիրուսի: Թեստի պատասխանը կլինի գիշերը, եթե հանկարծ պատասխանը լինի դրական, իմ ընտանիքը կշարունակի մնալ մեկուսացված, եթե պատասխանը լինի բացասական, վաղն առավոտյան կվերադառնամ և կշարունակեմ աշխատել Կառավարության իմ աշխատասենյակից»,- ասաց նա։
Վարչապետը ասաց նաև, որ ընտանիքի անդամները ևս թեստ են հանձնել։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Նա ընդգծեց, որ որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունն ու առողջությունն են։
«Ըստ ամենայնի, մենք առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք։ Եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն ու համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք դրա վերաբերյալ որոշում կկայացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարը շեշտեց, որ վաղը Կառավարությունը կքննարկի նաև Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն լինի։
«Այսօրվա մեր քայլերն ուղղված են ոչ թե ինչ-որ իրավիճակի, որը վերահսկողությունից դուրս է եկել, այլ մենք ուզում ենք ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք»,- ընդգծեց նա։