Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կնոջ՝ Աննա Հակոբյանի թեստերի պատասխանները բացասական են եղել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
 
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 18 դեպք։ Վարչապետը նաև հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը թեստ է հանձնել, որը բացասական է եղել։
Նշենք, որ մարտի 1-ին հայտարարվեց, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը։ Նա ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։
 
«Եթե կրկնակի թեստը նորից բացասական լինի, մեր առաջին պացիենտը առողջացումով դուրս կգրվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ մարտի 1-ին մեկուսացված 31 անձանցից երեկ 28-ը դուրս են գրվել և վերադարձել իրենց առօրյա կյանքին։
 
«Ցավոք, 2-ի մոտ կորոնավիրուս հաստատվեց, իսկ 1-ի մոտ՝ ոչ, բայց քանի որ նա հաստատված դեպքերից մեկի ընտանիքի անդամ էր, կշարունակի մնալ մեկուսացված։ Այս պահին մեր 18 ախտորոշված դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքերն են, և կարծես թե մենք որոշակի կարծիք ունենք, որ մեզ հաջողվել է այս պահի դրությամբ մեկուսացնել նշանդրեքի մասնակիցներին։ Այս պահի դրությամբ մոտ 200 մարդ մեկուսացված է։ Անկեղծ ասած՝ այստեղ հարյուր տոկոսանոց վստահություն ունենալ չի կարելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Վարչապետը էջմիածինցիներին հորդորեց որոշ ժամանակ շփումները սահմանափակել, որպեսզի վարակի տարածումը թույլ չտրվի։
 
«Ըստ էության, ռիսկի գոտում գտնվող մարդ չունենք, որովհետեւ մեր հաստատված դեպքերը մինչև 51 տարեկան են, պրակտիկան ցույց է տալիս, որ 100 տոկոսով բուժում պետք է ունենանք: Միայն մեկ քաղաքացի ունենք, որ 72 տարեկան է, բայց փառք Աստծո, նրա մոտ որևէ ախտանշաններ չկան: Այնպես որ հույս ունենք, որ այս պրոցեսը մենք ավելի թեթև կտանենք, քան տարել ենք H1N1 վիրուսի դեպքը»,- ասաց նա։
 
Վարչապետը շեշտեց, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է՝ հետագա պրոբլեմները կանխելու համար։
 
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև խանութներում տիրող իրավիճակին։ Ըստ նրա՝ աժիոտաժ չկա։
 
«Մեր խանութներում առանձնակի անտրամաբանական ոչ մի աժիոտաժ չկա, ես դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիներին։ Իհարկե, առևտրի ծավալները որոշակի ավելացել են վերջին օրերին, բայց այդ ավելացումը տրամաբանության մեջ է։ Լինում են շաբաթ, կիրակի օրեր, երբ նույնքան ավելացումներ լինում են, այս պահին աժիոտաժ չկա, դա շատ լավ է, որովհետև մեր հանրությունը տեսնում է, որ իրավիճակը հսկողության տակ է»,- ասաց նա։
 
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ այս պահին Եվրոպայի ռիսկային երկրներից եկող բոլոր քաղաքացիները կմեկուսացվեն՝ ոմանք իրենց բնակավայրերում, ոմանք էլ՝ առանձնացված վայրերում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա որոշակի բարդություններ է ստեղծում տնտեսության համար։
 
«Բայց երեկ մենք քննարկում ենք ունեցել և հստակ որոշում ունենք, որ մենք այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի լավ տնտեսկան վիճակով։ Աշխատանքային խումբ է աշխատում, մենք կոնկրետ ուղղություները որոշել ենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի տնտեսական պորբլմներ չունենանք»,- նշեց նա և հավելեց, որ վստահ է՝ համատեղ ուժերով այդ ճգնաժամը կհաղթահարենք։