Մենք կփորձենք 2022թ․ Քաթարի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել․ Խոակին Կապարոս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն այս գիշեր ժամանել է Երևան։ Այդ մասին վկայում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած տեսանյութը։
Հայաստան մեկնելուց առաջ 64-ամյա իսպանացի մասնագետը զրուցել է ABC թերթի թղթակցի հետ։ Նա մասնավորապես նշել է, որ Իսպանիայի ֆեդերացիան ճիշտ որոշում է կայացրել՝ երկու շաբաթով հետաձգելով երկրի առաջնության բոլոր խաղերը։
«Իմաստ չունի խաղերն անցկացնել առանց հանդիսականների, քանի որ ֆուտբոլն առաջին հերթին նրանց համար։ Ես չեմ պատկերացնում սևիլյան դերբին առանց ֆուտբոլասերների։ Ճիշտ է, 2007 թվականին «Սևիլյան» ու «Բետիսը» փակ դռների ետևում էին խաղացել Խետաֆեում, սակայն դա այլ պատճառներ ուներ։ Այժմ ուրիշ իրավիճակ է և ըմբռնումով եմ մոտենում նրանց, ովքեր պահանջում էին հետաձգել խաղերը», - ասել է փորձառու մասնագետը։
Խոակին Կապարոսը խոսել է նաև Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին։
«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես սիրում եմ ակտիվ կյանք վարել։ Կան մարդիկ, որոնք գոհ են պասիվ կյանքից։ Ինձ զանգահարեց Խինես Մելենդեսը, ով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը, և ես համաձայնեցի։ Ես լավ հարաբերությունների մեջ եմ Խինեսի հետ։ Նա բացատրեց, թե ինչ ծրագրեր ունի և ինչպես կարել է իրագործել։ Ես սիրում եմ խնդրահարույց հարցեր, քանի որ այն ստիպում է անընդհատ մտածել, որոշումներ կայացնել։
Ինձ դուր էր գալիս իմ նոր աշխատանքը «Սևիլյայում»՝ լինել դպրոցում, շփվել երեխաների հետ, օգնել նրանց, բայց ինձ ավելի ակտիվ աշխատանք է պետք։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ խոսել ենք նպատակների մասին։ Մենք կփորձենք 2022թ Քաթարի աշխարհի առաջնության ուղեգրի նվաճել։ Ճիշտ է, դա հեշտ գործ չէ, սակայն այդպիսի երազանք ունենք։ Հուսով եմ, որ մեր մոտ ամեն ինչ կստացվի», - Խոակին Կապարոսի խոսքերը մեջբերում է ABC թերթը։