«Զրույցը եղել է եղբայրական»․ «Հեղափոխության պահապանները» կհետևեն վարչապետի հորդորին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամները պնդում են, որ իրենց գործողությունները եղել են օրենքի սահմաններում, և «գյուղապետ» մականունով անձին իրենք չեն ստիպել, որ ներողութուն խնդրի վարչապետից։ Նա իր կամքով է դա արել։
Հիշեցնենք, որ «Հեղափոխության պահապաններ» անվանումով խումբը նախօրեին տեսանյութ էր տարածել, որում երևում է, որ ըստ իրենց, օրեր առաջ մետրոյում «Այո»-ի բուկլետը պատռող և վարչապետի վրա նետող աղջկա հետ հեռախոսազանգով խոսող տղամարդը ներողություն է խնդրում վարչապետից՝ վերջինիս հասցեին հնչեցրած հայհոյանքների համար։
«Ա1+»-ի հետ զրույցում խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ խմբի գործողությունների հետ կապված՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրասվում, ասում է․
«Մենք իրավական պետություն ենք, և ես դա շատ նորմալ եմ համարում, քանի որ շատ ռեզոնանսային էր այս իրադարձությունը, լուսաբանվեց տարբեր լրատվամիջոցներում, վարչապետի խոսքը ընդունում եմ որպես երկրի ղեկավարի խոսք, որը բացառելու է երկրում որևէ բռնության փորձ»։
Ստեփանյանը պնդում է, որ իրենց գործողությունները եղել են օրենքի սահմաններում, և եթե ոստիկանությունը հարկ կհամարի քննություն իրականացնել, իրենք պատրաստ են պատասխանել բոլոր հարցերին և հարկ եղած դեպքում՝ իրենց գործողությունների համար լիարժեք պատասխանատվություն կրել։
Ստեփանյանն ասում է՝ տեսանյութում, որը տեղադրվել է համացանցում, պարզ չի երևում ՝ ինչ է տեղի ունեցել։
«Որևէ բռնության մասին խոսք լինել չի կարող, այնտեղ բռնություններ չեն եղել, հայհոյանքներ չեն եղել ի պատասխան, վստահեցնում եմ, որ այդ զրույցը եղել է եղբայրական»։
Ստեփանյանն ասում է՝ երբևիցե որևէ գործողություն չեն իրականացրել, որը կարող է հեղափոխությանը վնասել։
Ինչ վերաբերում է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կողմից իրենց գործողությունների առնչությամբ ՀՀ դատախազություն հաղորում ներկայացնելուն, խմբի հիմնադիրն ասում է․
«Անի Սամսոնյանը առհասարակ չի կարող գնահատական տալ մեր գործողություններին, քանի որ մեր գործողությունների ամբողջական տեսանյութը նա չի տեսել։ Մենք գնացել ենք այդ անձի մոտ՝ զրուցելու, հասկանալու, թե ինչու է նա վիրավորել, արդյոք կարող է այդ վիրավորանքները հիմնավորել, և եթե ոչ, ապա լավ կլինի, որ ներողություն խնդրի։ Այդ անձը մեր զրույցի սկզբից ասել է, որ պատրաստ է վարչապետից ներողություն խնդրել»։
Հարցին, թե նմանատիպ իրավիճակ լինելու պարագայում, արդյոք պատրաստվո՞ւմ են շարունակել իրենց գործողությունները, ասաց․
«Մեր բոլոր գործողությունները լինելու են ՀՀ օրենքերին համապատասխան, և քանի որ վարչապետը ուղիղ արձագանքեց և կոչ արեց մեզ չարձագանքել հայհոյանքներին, մենք ենթարկվում ենք ՀՀ վարչապետի ցակացած կոչի և կանենք այն, ինչ վարչապետն ասաց։ Քանի դեռ վարչապետն ասում է՝ չպետք է արձագանքենք, մենք չենք արձագանքի»։