Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԶԼՄ-ները պետք է պարտավորվեն իրենց էջերից հեռացնել վիրավորանքներն ու հայհոյանքները. առաջարկ (տեսանյութ)

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Պատգամավորն առաջարկում է օրենքի ուժով պարտավորեցնել ԶԼՄ-ներին անձի պատիվը և արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող կամ արատավորող արտահայտությունները և գրառումները հեռացնել իրենց էջերից, ոչ ուշ, քան դրանք հրապաարկվելուց 12 ժամվա ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ իրենք՝ քաղաքական գործիչները չեն կարող յուրաքանչյուր վիրավորական մեկնաբանություն թույլ տված օգտատիրոջ հետևից գնալ ու հայտնաբերել նրանց, մինչդեռ լրատվամիջոցները կարող են ջնջել այդ մեկնաբանություննները։ Նախագծով առաջարկվող պահանջը չկատարվելու պարագայում, պատգամավորն առաջարկում է սահմանել տուգանք 200 000 դրամ չափով։ Իսկ նույն արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կատարելու դեպքում 400 000 դրամ։

Գևորգ Պետրոսյանը պատրաստ է լսել ԶԼՄ-ների առաջարկները։ Նախագիծը դեռ Կառավարություն չի ուղարկվել։ Դիտարկմանը, թե ԶԼՄ-ների նյութերի տակ հազարավոր մեկնաբանություններ են գրվում, և ըստ էության, գուցե լրատվամիջոցի ներկայացուցիչները չհասցնեն դրանք հեռացենլ կամ էլ ֆինանսական ռեսուրսներ պահանջվեն լրատվամիջոցներից, որպեսզի նոր հաստիքներ ավելանան այդ աշխատանքը կատարելու համար, ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկեց ԶԼՄ-ներին փակել մեկնաբանությունների համար նախատեսված հարթակը։

Գևորգ Պետրոսյանը օրինակով է բացատրում, որ երբ լրատվական կայքերում հարցազրույց է տալիս, խնդրում է, որ վիրավորական արտահայտությունները ջնջեն, բայց արդյունք չկա։

«Դու գնում ես բան ասես ժողովրդին, հետաքրքրող խնդիր կա, մասնագիտական կարծիք ես արտահայտում, բայց դրա դիմաց վիրավորանքներ ես շալակում»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը, հավելելով, որ իր համար անընդունելի են ոչ միայն ընդդիմադիր ուժերի հասցեին հնչող վիրավորանքներն ու հայհոյանքներն, այլև իշխանության։

«Սա քաղաքական այլախոհությունը խեղդելու միջոց է, տեխնոլոգիա է ընտրված, որ ես կամ մյուսը հանկարծ հանդգնենք հակառակվել իշխանության, կամ որևէ պետական պաշտոնյայի կարծիքին, մենք վախենանք ասել՝ վա՜յ, գործ չունենք կարծիք հայտնել, մեզ 200 հոգի կհայհոյի։ Մենք սրանով նաև անգործ կթողնենք ֆեյքերի բանակին»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, եթե ինքն իմանա, թե իրեն հայհոյողն ով է, հաստատ կգնա նրա հետևից։

«Ես չեմ ասելու, որ քաղաքական գործիչ եմ, ոչինչ, որ ինձ հայհոյում է։ Հասկանո՞ւմ եք, սա պոտենցիալ հանցագործությունների աղբյուր է, դրա համար պետք է այդ վերացնել»,- ընդգծեց նա։

Գևորգ Պետրոսյանի նախագիծը խմբակցությունում ողջունում են։ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ այս խնդիրը պետք է լուծվի, այլընտրանք չկա։

«Եթե ամուսինս՝ Սամվելը ողջ լիներ, իմացեք՝ 100 դանակահարություն էր եղել արդեն։ Էդ մտավորական մարդը գնալու էր նստել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։