Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 11-ը Մարտի. Արարքցյանը գնացել էր սահման (տեսանյութ)

1994-ի այս օրերին Արցախյան ֆրոնտում հրադադարի կնքման հիմքերն էին դրվում։ Պատերազմող կողմերն ուժասպառվել էին, եւ կրակի դադարեցումն օրախնդիր էր։ Այս բնական մթնոլորտում սահմանագլխին կայացավ ՀՀ եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Բաբկեն Արարքցյանի եւ Ռասուլ Գուլիեւի հանդիպումը։ Սա առաջին նման բարձր մակարդակի հանդիպումն էր այս երկու պետություների միջեւ։ Իրավիճակն այնքան էր անսովոր, միաժամանակ՝ սպասված, որ խորհրդարանների ղեկավարների հանդիպումը դեռ չավարտված՝ լրագրողները սկսել էին միմյանցից հարցազրույցներ վերցնել։

Շարունակելով Արցախյան հիմնախնդրում բանակցությունների թեման՝ հիշենք, որ 5 տարի առաջ դեռ կային պատրանքներ, թե Խաղաղության մեծ համաձայնագրի կնքումը մոտ է։ 2010-ի ճիշտ այս օրը ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հայտարարեց, թե հիմնախնդրի կարգավորման ուղին գտնված է։ Հակամարտող կողմերի ղեկավարների մոտ կա քաղաքական կամք։ Մնում է նախապատրաստել ժողովուրդներին։

«Ես իմ անցյալից չեմ ամաչում, այլ հպարտանում եմ դրանով»,- 1998-ի այս օրը երիտասարդության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, նախկինում Սովետական Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը։ Նա խորհուրդ տվեց երբեք չխորշել ամենացածրից սկսելուց, որովհետեւ այդ դեպքում հիմքն ամուր է լինում։ Դեմիրճյանը հորդորեց երիտասարդներին դառնալ պրոֆեսիոնալներ, բայց երբեք՝ պրոֆեսիոնալ թալանչի։

Խաղաղ պայմաներում բանակային ցավալի միջադեպերի զոհերի թեման այսօր ամենամտահոգիչներից է։ Սակայն, պետք է նկատել, որ թեման բնավ էլ նոր չէ։ Խնդրեմ, ահա, 1999-ի ճիշտ մարտի 11-ին, ինքնաբուխ կերպով բողոքի ակցիայի ելան խաղաղ պայմաններում բանակում զոհվածերի հարազատները։ Առիթը նախկին զինդատախազ Գեւորգ Մարգարյանի ասուլիսն էր, որ կայացել էր ընդամենը ժամեր առաջ։

Նորություն չէ նաեւ տրանսպորտի սակագնի եւ երթուղիների հետ կապված բողոքի ակցիաների անցկացումը։ Նման մի զանգվածային միջոցառում դեռ 2002-ի այս օրն իրականացրին աշտարակցիները՝ դժգոհելով Երեւան-Աշտարակ ուղեւորափոխադրումներում արձանագրված փոփոխություններից։

  2003 թվականին ճիշտ այսօրը ԿԸՀ-ն հրապարակեց ՀՀ նախագահի հերթական ընտրության վերջնական արդյունքները։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվել է Ռոբերտ Քոչարյանը։ Ընդդիմությունն այս վճռի հրապարակումից հետո դադարեցրեց նստացույցն ու նոր հանրահավաք սկսեց՝ հայտարարելով, որ նախագահի ընտրությունն ուղեկցվել է զանգվածային կեղծիքներով։ Նույն օրը որոշվեց ընտրության արդյունքները վիճարկել Սահմանադրական Դատարանում։

2008-ի մարտի 11-ին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հայտարարեց, թե իրավապահները ՀՀ առաջին նախագահ, 20 օր առաջ տեղի ունեցած ընտրություններում նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու բավարար իրավական հիմքեր ունեն։

2010-ի այս օրն էլ Շվեդիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց 1915 թվականի հայոց ցեղասպանության փաստը։