Բացել լրահոսը Փակել լրահոսը
ZVARTNOC
A A
Հասարակություն

Միլան թռնողները՝ երկու քարի արանքում

Չնայած կորոնավիրուսի բռնկման պատճառով իտալական Լոմբարդիա նահանգն ու վարչական կենտրոն Միլանը  հայտնվել են կարանտինային  գոտում,  Երևան- Միլան չվերթը չի չեղարկվել։  

Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից, վաղը՝ մարտի 10-ին նախատեսված է Երևան –Միլան չվերթը, որն իրականացնում է  Ryanair   լոուքոսթ ավիաընկերությունը։   

  Ինչո՞ւ չի չեղարկվում այս  չվերթը, երբ  հայտնի է՝ Միլանում եւ Իտալիայի հյուսիսային այլ բնակավայրերում մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը գործում է մուտքի և ելքի հատուկ ռեժիմ։ Իտալիայում  վարակվածների թիվը  հասել է  7375-ի։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Ա1+»-ին փոխանցեցին, որ չվերթի չեղարկման որոշումը ավիաընկերությանն է։   Նման   որոշում Ryanair  ընկերությունը  դեռ չունի։

Այս հարցով  «Ա1+»-ը    դիմեց  նաեւ  Արտաքին գործերի նախարարությանը, որը դեռ երկու շաբաթ առաջ հորդորել էր Հայաստանի քաղաքացիներին խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասում է՝   ուղեւորվել  արգելել չեն կարող, բայց նաեւ  զգուշացնում է, որ   Երեւանից Միլան թռչողները պարտավոր են հետեւել  իտալական իշխանության սահմանափակումներին՝  կարանտինով պայմանավորված։ 

Այսինքն՝  եթե  ուղեւորը, այնուամենայնիվ,  որոշում է  մեկնել Իտալիա, պետք է պատրաստ լինի ենթարկվել   սահմանափակումներին՝  վարակվելու վտանգից բացի։ Արդեն իսկ փակ են ուսումնական հաստատությունները, մարզասրահները,  թանգարանները։  Բազմաթիվ մշակութային եւ մարզական միջոցառումներ հետաձգվել են։

Հիշեցնենք  նաեւ, որ Ryanair-ի տոմսերը  վերադարձման  ենթակա չեն , եւ եթե  չվերթը չի չեղարկվել՝ ուղեւորը  գումարի վերադարձ չի կարող ակնկալել՝ թռիչքից հրաժարվելու դեպքում։

Ryanair-ն այսօր տեղեկատվություն է տարածել` նշելով` չի չեղարկում իր չվերթները, քանի որ այնտեղ գտնվող օտարերկրացիները Իտալիայից տուն պետք է վերադառնան։