«Էդ ո՞վ է գլխից ձեռք քաշել ընտրակեղծարարության դիմի» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն արձագանքում է ՀԱԿ-ի հայտարարությանը, թե ընտրահանձնաժողովներում ընդգրկվել են ընտրակեղծարարներ։
«Ես կարող եմ վստահեցնել, որ «Այո»-ի կողմից առաջադրված որևէ թեկնածու այլ կուսակցության անդամ չէ, և ըստ էության մենք չենք առաջադրել այլ կուսակցության անդամների, միայն առաջնորդվել ենք մեր համակիրներով»,- ասաց պատգամավորը։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար «Այո»-ի շտաբի 1300 թեկնածու է հաստատվել։ Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ թեկնածուներին ներկայացրել են «Հայ ազգային կոնգրես», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Առաքելություն» և մի քանի այլ կուսակցություններ։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ հանրաքվեն՝ հեղափոխությանը հաջորդած երկու ընտրությունները չեն, որ նույն մթնոլորտը տիրի և որևէ մեկը չհամարձակվի նախկինում օգտագործված գործիքները կիրառել։
«Մարդիկ, որոնք նախկինում մասնակից են եղել կեղծիքներ կատարելու առումով, հրահանգները կատարել են, ես չեմ ասում, որ բոլորը ընտրակեղծարար են, բայց հիմա նման մթնոլորտի պայմանում, երբ որ կեղծիքներ կատարելու այդ տարածքը՝ հանձինս նախկինների, որոշակի ձևավորվել է, բացառել, որ կարող են տուրք տալ որոշակի հրահանգների կամ տուրք տալ որոշակի գայթակղությունների չի կարելի»,- նշեց պարոն Սաքունցը։
Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը չի կարծում, որ «Այո»-ի կամ «Ոչ»-ի օգտին ընտրակեղծարարություն կարվի։
«Էդ ո՞վ է գլխից ձեռք քաշել ընտրակեղծարարության դիմի, եթե դրա համար կարող է մինչև 8 տարի անցկացնի անազատության մեջ։ Մարդ պետք է կամիկաձե լինի նման բան անելու համար։ Ակնհա՞յտ է չէ, որ կամիկաձեներ չկան, ոչ մեկ նման բան չի անի, ով էլ որ կամիկաձե է ու կորոշի ընտրակեղծարարությամբ զբաղվի, ճիշտն ասած՝ ես հիմք չունեմ կասկածելու, որ կհայտնվի ճաղերի ետևում երկար տարիներով»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։
Ըստ Արթուր Սաքունցի՝ ապրիլի 5-ի հանրաքվեն իշխանության համար փորձություն է, որի ձախողման մեջ շահագրգռված է նախկին իշխանությունը, հետևաբար այստեղ մեկ այլ խնդիր էլ է առաջանում։
«Թե արդյոք նախկին մերժվածներն իրենց կադրային պոտենցիալը, որ կիրառել են տարիներ շարունակ, ի՞նչ չափով կկարողանան օգտագործել։ Խնդիրը նրանում է, որ ոչ թե ընդհանրապես բացառում ենք, եթե բացառեինք, կասեինք՝ մտահոգություն չկա, բայց չենք կարող բացառել, իսկ այդ ինչ ծավալով կլինի, դա դժվար է պատկերացնել»,- ասաց նա։
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հիշեցնում է՝ հանրաքվեի արդյունքը որոշում է քաղաքացին, ոչ թե հանձնաժողովի անդամը։ Ըստ նրա՝ չի կարող ազդել արդյունքի վրա անգամ այն հանգամանքը, եթե որևէ ընտրատեղամասային հանձնաժողովում «Ոչ»-ը ունենա առավել թվով անդամներ։
«Որևէ հանձնաժողովի անդամ՝ լինի «Ոչ»-ի համակիր, ՀՀԿ անդամ, կամ մեկ այլ կուսակցության անդամ, որն այս օրերին ակնհայտ «Ոչ»-ի քարոզ է տանում, չփորձի որևէ ապօրինի արարք կատարել, որովհետև դա հայտնաբերվելու ու պատժվելու է»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ 2020թ․-ի ապրիլի 5-ին հանրաքվեի է դրված ՍԴ 7 անդամների պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախագիծը։