Պատգամավորն առաջարկում է բնակարանների գնման վկայագրերի փոխարեն բնակարաններ կառուցել բոլոր մարզերում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ներկայացել է Կառավարության 2020թ․-ի բյուջետային ուղերձով։ Պատգամավորին հետաքրքրում է բնակարաշինության խնդիրները։ Նա առաջարկում է, որ բնակարանների գնման վկայագրերի փոխարեն բնակարաններ կառուցեն ոչ միան աղետի գոտում, այլ բոլոր մարզերում։
«Գտնում եմ, որ բնակարաշինությունը չպետք է գնման վկայագրերով լինեն, այլ պետք է մարզերում կառուցվեն և պետք է, որ դրանք վաճառվեն մարզերի այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն։ Վստահ եմ, որ եթե այդ ծրագիրն իրականացնենք, բազմահազար աշխատատեղեր կունենանք և մուլտիպլիկատիվ էֆեկտով՝ տեղական շինանյութերի արտադրության զարգացում, բանվորական պահանջվող մասնագիտությունների հետ կապված պահաջարկ կունենանք, գումարի շրջանառություն և բյուջեի մուտքեր կունենանք»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Սերգեյ Բագրատյանի առաջարկության մասին Կառավարությունում մտածել են և հիմա էլ մտածում են, ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ որ դուք հարցը տվեցիք, ես հայացքով պարոն Գրիգորյանին էի փնտրում, որովհետև կռահում էի, որ եթե մենք այդպես որոշեինք, ոչ թե դուք այսօր այդ հարցը կտայիք, այլ պարոն Գրիգորյանը։ Նա կասեր, որ այդ տարածքում բնակարաններ եք կառուցում, քանի որ շատ ազատ տներ կան, ընդհանրապես բնակարանների գները ընկնում են։ Երբ որ կա բնակավայր, որտեղ կան անտուն մարդիկ, և դատարկ տներ, այսինքն՝ չիրացված բնակարանային ֆոնդ կա, և այդտեղ տեղի է ունենում շինարարություն, անշարժ գույքի շուկան անկում է ապրում։ Այսինքն՝ մարդն ով տուն ունի, իր տանը նստած աղքատանում է։ Հիմա, երբ որ դուք ասում եք՝ կստեղծվի աշխատատեղեր, մի խումբ մարդկանց բարեկեցության հարցը մենք կլուծենք, կպարզվի որ այդ ընթացքում ուրիշ մարդկանց բարեկեցության մակարդակը կիջեցնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ նման քննարկում ունեցել են գործադիրում, բայց որոշել են այլ տարբերակով գնալ։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետի կարգավիճակում ձեռք բերած փորձը իրեն ասում է հետևյալը, որ մի քայլանոց գործողությունները, եթե նույնիսկ օգուտ բերում են, ապա շատ կարճաժամկետ։ «Մենք պետք է հնարավորինս բազմաքայլ օգտագործենք մեր միջոցները։ Այսինքն՝ 10 դրամը ծախսել ոչ թե մեկ գործողությամբ, այլ 5,6,7 գործողությամբ, որպեսզի ծախսման արդյունքում ավելացված արժեքն ավելի մեծ լինի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։