Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ ուղիղ դերակատարում ունենալ ․ ԱԳ նախարար (տեսանյութ)

Մեկնարկել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը, որին ներկա են գործադիրի անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Կառավարությանը հարցեր ուղղելու համար 27 պատգամավոր է հերթագրվել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը արտգործնախախար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց, թե նախարարությունը տեղյա՞կ է եղել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Թուրքիա են մեկնելու և հանդիպելու են Թուրքիայի արտգործնախարարության հետ, և Հայաստանի արտգործնախարարությունը տեղյա՞կ է, թե ինչ են քննարկել, քանի որ հայտնի է, որ քննարկումը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։

Զոհրաբ Մնացականյանը նախ պարզաբանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահներն ունեն իրենց աշխատանքային պլանները, որոնց մեջ ընդգրկված են հանդիպումներ ԵԱՀԿ անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ։

«Այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա։ Այդ հանդիպումները պլանային են, Մինսկի խմբի համանախագահները կատարում են իրենց գործառույթը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մենք աշխատում ենք փոխվստահության պայմաններում, վստահելով նրանց, մենք գիտենք շատ լավ այդ պլանի մասին, շատ լավ գիտենք նաև, թե ինչպես և ինչ մոտեցումներով են Մինսկի խմբի համանախագահները աշխատում, որովհետև մենք նրանց հետ աշխատում ենք»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ դա առաջին հանդիպումը չէր, և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ որևէ մտահոգություն չունեն։

Արտգործնախարարը նաև նշեց, որ գուցե տարբերությունն այն էր, որ Թուրքիայի կողմից մեկնաբանություն արվեց, որի մեջ չկար այնպիսի բան, որը նախկինում չէին լսել, և Հայաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է այդ հայտարարությանը։

«Այդ մոտեցումը, կարծում եմ, բոլորին ծանոթ է՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ ուղիղ դերակատարում ունենալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։