Կորոնավիրուսը վրացիներին չի վախեցրել․ դիմակ կրողները հատուկենտ էին
Աջակցիր «Ա1+»-ինՀարեւան Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի 3 հաստատված դեպք կա, խուճապ, կարծես թե, չկա։ Ի տարբերություն Երևանի՝ հարևան երկրի մայրաքաղաքում Թբիլիսիի փողոցներում բժշկական դիմակներ կրող մարդիկ հատուկենտ էին։
Մարտի 3-ին, երբ Հայաստանի պատվիրակության անդամներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչները մեկնում էին Վրաստան, «Զվարթնոց» օդանավակայանում բոլորի ջերմությունը չափեցին․ ջերմություն ունեցողներ չկային։ Օդանավակայանի աշխատակիցները կրում էին բժշկական ձեռնոցներ ու դիմակներ։
Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստանի Կառավարության և խորհրդարանի ղեկավարության հետ հանդիպումներին «Ա1+»-ի թղթակիցը արձանագրեց, որ կորոնավիրուսից չեն վախենում նաև երկու երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյանները։
Նկատեցինք նաեւ, որ Վրաստանի խորհրդարանում կորոնավիրուսի կանխարգելման դեմ միջոցներ էին ձեռնարկել։ Միջանցքներում ախտահանիչ հեղուկներ կային։

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպեց Վրաստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Թատրոնում դիմակավոր անձինք միայն անվտանգության աշխատակիցներն էին։

Հայաստան վերադառնալիս Վրաստանի օդանավակայանում ԶԼՄ-ներկայացուցիչների ջերմությունը չչափեցին, սակայն օդանավակայանի սրահում ախտահանիչ հեղուկներ կային, աշխատակիցները կրում էին բժշկական ձեռնոցներ և դիմակներ։