2020-21թթ ֆուտբոլի Ազգերի լիգան ոչինչ չի կարող տալ Հայաստանի հավաքականին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի եվրոպական միությունը հրապարակել է 2020-21թթ Ազգերի լիգայի մրցակարգը։
Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այն դարձյալ կապ ունի 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի հետ։ Սակայն, այս անգամ բավական մեծացել է մրցակցությունը, քանի որ Քաթար-2022-ի ուղեգրի համար կպայքարեն միայն երկու թիմ։ Դրանք հայտնի կդառնան 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո։
Քաթար-2022-ի ընտրական 10 խմբերի հաղթողները միանգամից կմտնեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Մնացած երեք ուղեգրերը կվիճարկեն խմբերում 2-րդ տեղերը գրաված հավաքականները և Ազգերի լիգայի լավագույն երկու թիմերը, որոնք կընտրվեն իրենց գրաված տեղով ու վարկանիշով։ 2022թ դրանք երեք քառյակ կստեղծեն և կանցկացնեն անցումային խաղեր։
Այդպիսով, Ազգերի լիգայի C գոտում հանդես եկող թիմերը, այդ թվում Հայաստանի հավաքականը, ոչ մի հնարավորություն չունեն դառնալու լավագույն թիմերից մեկը, քանի որ արդեն A և B գոտում ընդգրկված են 32 երկրներ, որոնք ավելի բարձր վարկանիշ ունեն, քան ստորին գոտում գտնվողները։
Հիշեցնենք, որ 2018-19թթ Ազգերի լիգայի մրցաշարում խմբերի հաղթողները մասնակցելու են Եվրո-2020-ի անցումային խաղերին, որոնք կկայանան այս տարվա մարտի վերջին։