«Էս պանիկան հիմնավոր չէ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանը քաջ ծանոթ է «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկ-համաճարակաբանների աշխատանքին։
Ասում է՝ շատ ուշադիր են, շատ լավ են աշխատում։
«Նրանք ուղղակի չեն կարողացել հասկանալ, որ ունենք հիվանդ, քանի որ էդ մարդու ջերմությունը երեք անգամ չափելուց հետո չի ունեցել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա՝ անդրադառնալովՀայաստանում նոր կորոնավիրուսի վարակի հաստատման դեպքին։
Համաճարականբանը նշեց, որ Թեհրանից ժամանած 29-ամյա քաղաքացու մոտ ջերմությունը բարձրացել է տանը, և նա, գիտակցելով իրավիճակը, կանչել է շտապօգնություն։
Խոսելով Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված անձանց մասին՝ բժիշկն ասաց, որ բացի բժշկական անձնակազմից, նրանց հետևում են նաև ոստիկանությունից։
Լրագրողի հարցին, թե ճի՞շտ է արդյոք համարում, որ կորոնավիրուսի դեպքի արձանագրումից հետո մեկուսացվել են միայն ինքնաթիռի առջևի 2 և ետևի 1 շարքերում նստածները, նա պատասխանեց, որ կան հրահանգներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, մեկուսացվում են շատ մոտ գտնվող մարդիկ։
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ Առողջապահության համաշխարհային չափանիշներով էպիդեմիայի պարամետրը հետևյալն է՝ 7 տոկոս մահացություն, իսկ կորոնավիրուսի դեպքում 2 տոկոս է, այսինքն՝ էպիդեմիա չէ կորոնավիրուսը։
«Նույն ժամանակահատվածում, երբ որ կորոնավիրուսից մահացել է 3,5 հազար մարդ, 100 հազար մարդ մահացել է սովորական գրիպից։ Եվ համեմատելու չեն։ Էս պանիկան հիմնավոր չէ»,- շեշտեց Պողոսյանը։
Սպառողների միության նախագահը նաև նշեց, որ դիմակալը (ռեսպիրատոր) կարող է փոխարինվել նաև 2-3 շերտանոց մառլայով (շղարշ)։
Ըստ Արմենակ Համբարձումյանի՝ եթե կարանտինային միջոցառումները կատարվեն ըստ համապատասխան նորմերի, ապա դրանք բավարար են՝ հիվանդության կանխարգելման համար։