Բարի մարդկանց էդ հիվանդությունը չի կպնում. Գագիկ Ծառուկյանը՝ կորոնավիրուսի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանքը իրավապահ մարմինների տիրույթում է, թող քննեն, տեսնեն և ներկայացնեն իրենց կարծիքը»,-այս մասին ԱԺ-ում լրագողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքին:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ Ծառուկյանն ասաց, որ «Ոչ»-ի ճամբարը միայն դիմել է Նաիրա Զոհրաբյանին՝ առանց փաստաթղթի, և քանի որ որոշել են չմասնակցել այս գործընթացին, արդեն անիմաստ են համարել սատարել «Ոչ»-ին:
«Մեր համակիրները քվեարկության օրը ազատ են, կարող են գնալ, մասնակցել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ կառավարության ձեռնարկած քայլերին՝ Ծառուկյանն ասաց, որ շատ վատ է գնահատում տարվող աշխատանքները․
«Բոլորս էլ արդեն մեկ ամիս է՝ գիտենք, որ կորոնավիրուսը բոլոր երկրներում կա, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, սեփականատերերին և ապտեկաներին, որ անպայման ապահովեն անհրաժեշտ բուժման իրերի հարցը։ Էսօր եկել է, չոքել է մեր դուռը, նայում ես՝ մասկաներ չկա, դեղորայք չկա»:
Հարցին, թե ինքն անձամբ դիմակ ցանկացե՞լ է գնել և չի՞ գտել, Ծառուկյանն ասաց․
«Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդություններից չի կպնում»։
Ծառուկյանի խոսքով՝ Իրանից եկած մեր քաղաքացիներին պետք էր պարտադիր երկու շաբաթ կարանտինի մեջ պահել:
Նա նշեց, որ վատ է վերաբերում փաստին, որ մարդիկ մեկուսացվել են Ծաղկաձորում․
«Գնացեք Ծաղկաձոր, ամբողջը դատարկ է, ովքեր հյուրանոցներ, օբյեկտներ ունեին, լրիվ դատարկ է, բոլորը չեղարկել են իրենց պատվերները»:
Ծառուկյանն առաջարկեց անձամբ գնալ, ստուգել, որ հյուրանոցներում դատարկություն է:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վարչապետը հերքում է այդ լուրերը, Ծառուկյանն ասաց․ «Վարչապետը չի ստում, եկեք, տրանսպորտը տրամադրեմ, գնացեք, անձամբ տեսեք, հյուրանոցի տերերին հարցրեք»:
Լրագրողները Գագիկ Ծառուկյանին նաև Արցախյան խնդրից հարցրին, ինչին ի պատասխան՝ նա նշեց, որ իր համոզմամբ՝ բանակցության հիմնական առարկան պետք է լինի Արցախի անկախ պետության հարցը:
Ծառուկյանի կարծիքով՝ իշխանությունները հարցը պետք է քննարկեն վերլուծաբանների, քաղաքական ուժերի հետ և առանձնացնեն օգտակար տեսակետները:
ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաև համայնքների խոշորացման խնդրին՝ ասելով, որ դա սխալ է, բայց պետք է լսել ժողովրդի կարծիքը.
«Մենք պետք է հասկանանք, որ գյուղը պահելու և պահպանելու համար մեծ ուշադրություն պետք է դարձնել, ժողովրդին կերակրողը գյուղացին է, սահման պահողը գյուղացին է»:
Նրա խոսքով՝ եթե գյուղը դատարկվեց, ոչ մի երևանցի չի գնալու, այնտեղ ապրի: