Երկու երեխա ունեմ, որոնց պատրաստ եմ ուղարկել դպրոց․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի վտանգի հետ կապված՝ ուսումնական հաստատությունների ժամանակավոր փակման հնարավորությանը, նշեց, որ հանրային առողջապահական վտանգը բարձր չէ, որպեսզի անհրաժեշտ լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակել։
«Երկու երեխա ունեմ, որոնց պատրաստ եմ ուղարկել դպրոց։ Հատկապես հաշվի առնելով, որ դպրոցական երեխաները պրակտիկորեն որևէ խնդիր չունեն այս վիրուսի հետ։ Հազվադեպ դեպքեր են նկարագրվել, որ իրենց վրա վիրուսը կարող է ազդել։ Մենք դեռ առիթ չենք ունեցել խոսելու թե՛ Կառավարությունում, թե՛ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաի հետ այս թեմայով։ Կարծում եմ օրվա ընթացքում կհասցնենք և կտեղեկացնենք որոշման մասին»,- ասաց նախարարը։
Ասուլիսին նախարարից հետաքրքրվեցին՝ եթե կորոնավիրուսով վարակված անձը բուժվել է, հնարավո՞ր է, որ կրկին հիվանդանա։ Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ կան հիվանդություններ, որից հետո օրգանիզմը դիմադրում է, և երկրորդ անգամ չեն հիվանդանում, բայց կան նաև հիվանդություններ, որոնց պարագայում կրկին հիվանդանում են։ Օրինակ՝ ջրծաղիկի պարագայում սովորոբար չեն հիվանդանում երկրորդ անգամ, բայց լինում են բացառություններ։
«Քանի որ կորոնավիրուսը նոր է, մենք մեկ դեպք ենք իմացել՝ Ճապոնիայում մի կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, հետո բացակայել է, այսինքն՝ լավացել է, բայց օրեր անց նորից է հայտնաբերվել։ Այդ կնոջ առողջական վիճակին ծանոթ չեմ, բայց այդպիսի մեկ դեպքի մասին եմ լսել, հնարավոր է այդպես էլ լինի, բայց դա կնշանակի, որ վիրուսը ծանր չի եղել մարդու մոտ, և կրկնակի վարակ է տեղի ունեցել»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Նախարարը հավելեց, որ պարզ չէ, թե մարդը իմունիտետ է ձեռք բերում, թե ոչ, որովհետև իմունիտետները լինում են կայուն և ոչ այդքան կայուն։
Նախարարը նաև խորհուրդ տվեց խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, անհրաժեշտության պարագայում դիմակ կրել, ձեռքերը հաճախ լվանալ, այդ թվում՝ ալոկոհոլային հիմքով հեղուկներով, հաճախ օդափոխել սենյակները:
«Հավելյալ երկու խորհուրդ էլ կարող եմ տալ՝ եկեք որոշ ժամանակ դադարենք համբուրվելով բարևելը։ Օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք իրար։ Եվ ձեռքով բարևելը, որովհետև ձեռքով վիրուսը կարող է փոխանցվել»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ այս գիշեր կորոնավիրուսով հիվանդացության դեպք է հաստատվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։