Մեկուսացվել է 32 անձ, նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ նախարարության կողմից իրականացվող միջոցառումները՝ համաճարակային նոր կորոնավիրոսով վարակվածության տարածվածության մուտքը կանխարգելելու ուղղությամբ, համապատասխանում են բոլոր չափանիշներին։
«Ուրախությամբ կարող ենք ասել, որ մեր կողմից իրականացված միջոցառումները, որոնք սկսել են հունվարի 22-ից, բավականին էֆեկտիվ են եղել, և մենք այսքան ժամանակ չենք ունեցել բերովի դեպք։ Դրանք են եղել թե՛ լոկալ միջոցառումները, և թե՛ տարբեր ռիսկի գոտում գտնվող քաղաքացիների նկատմամբ սահմանափակումների կիրառումը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արսեն Թորոսյանը։
«Մեր կողմից կատարվող միջոցառումները առնվազն թույլ են տալիս առավելագույնս կանխարգելել լոկալ դեպքերը, որովհետև սա ընդամենը 1 բերովի դեպք է, որը իհարկե, մեզ նոր քայլեր անելուն է դրդում։ Կարող եմ փաստել, որ որևէ հանրային առողջապահական լուրջ վտանգ չի ներկայացնում։ Ավելին՝ նույնիսկ այդ անձի համար էլ չի ներկայացնում, որովհետև այդ անձը մեկուսացված պայմանեններում հիվանդանոցում է, և որևէ բուժական միջամտություն նրա նկատմամբ չի իրականացվում»,- հավելեց նախարարը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ մինչ օրս կատարել են 117 թեստ, որոնցից միայն մեկն է հաստատվել։ «Մեկուսացվել է 32 անձ, ինքնաթիռներից մեկում ուղևորները եղել են 82-ը, իսկ երկրորդում՝ 52-ը»,- ասաց նա։ Նախարարն ասաց, որ մեկուսացված անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։
Արսեն Թորոսյանը հորդորեց չգնալ հյուրանոց և չխոչընդոտել նախարարության աշխատանքները։ Նախարարը նաև անդրադարձ կատարեց տնտեսության վրա կորոնավիրուսի հնարավոր ազդեցությանը։ Նա նշեց, որ այցելել է Իրանից Հայաստան եկող բեռնափոխադրումների մաքսային կետ, որտեղ անձնակազմի հետ շփումը մինիմալացված է։
«Բոլորը պաշտպանիչ դիմակներ ունեն, մեր աշխատակիցները 24 ժամ տեղում են, ոստիկանները նույնպես 24 ժամ հսկում են։ Պարզապես բեռների փոխադրում է լինում իրանական մեքենաներից հայկական մեքենաներ, և իրանական մեքենաները ոստիկանության ուղեկցությամբ հետ են մեկնում Իրան։ Դա շատ կարևոր ուղղություն է մեր տնտեսության համար։ Եթե չեմ սխալվում, մեր ներկրման 20 տոկոսը իրանական ուղղությամբ է»,- նկատեց Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այս գիշեր կորոնավիրուսով հիվանդացության դեպք է հաստատվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։