Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Շիրակը» ջախջախեց «Նոային» և լավ շանս ընձեռեց «Փյունիկին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 16-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:

Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում 3:0 հաշվով ջախջախեց «Նոային», իսկ «Փյունիկը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում վստահ հաղթեց «Գանձասար-Կապանին»:

Շիրակցիների կազմում աչքի ընկան Մորի Կոնեն (դուբլ) և Ուռոշ Նենադովիչը: Փյունիկցիներից գոլի հեղինակ դարձան Հայաստանի հավաքականի անդամներ Արաս Օզբիլիսն ու Կառլեն Մկրտչյանը:

«Շիրակն» այդ հաղթանակից հետո վաստակեց 28 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Լոռի ՖԱ»-ին, որը մարտի 2-ին պետք է դեռ խաղա «Ուրարտուի» հետ:

«Փյունիկը» առաջին հաղթանակը տարավ նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու ղեկավարությամբ, վաստակեց 23 միավոր, ընդհուպ մոտեցավ «Նոային» և լավ շանս ստացավ եզրափակիչ փուլ մտնելու համար: Բանն այն է, որ հաջորդ, 17-րդ տուրում, «Նոան» ընդունելու է հենց «Փյունիկին»: Հաղթելու դեպքում փյունիկցիները կշրջանցեն մրցակցին և կբարձրանան անցումային 6-րդ հորիզոնական, իսկ պարտության դեպքում «Նոան» կշարունակի պայքարը չեմպիոնության համար, իսկ «Փյունիկը» դուրս կմնա առաջին վեցյակից: