Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՀ ԱԺ Ղրղզստան-Հայաստան պատգամավորական  բարեկամական խմբի այցը Բիշքեկ

2020թ․ փետրվարի 28-ին Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ժանարբեկ Ակաևի հրավերով Բիշքեկում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Սարիկ Մինասյանը և Արամ Խաչատրյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը։ Պատվիրակությանն ընդունեց Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիևան։

Նիստի սկզբում ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիևան ընգծեց, որ վերոնշյալ հանդիպումը բազմաթիվ նախագծերի նոր սկիզբ կդառնա և նոր որակ կհաղորդի հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին։ Տեղեկացնելով, որ կարևորում են բարեփոխումները սոցիալական, գենդերային, առողջապահության ոլորտներում, նա նաև նշեց, որ 2020թ․ Ժոգորկու Քենեշի նոր կազմում նախատեսված է 30% քվոտա կանանց համար։

Միքայել Մելքումյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց գործընկերներին՝ նշելով, որ այս այցը բարեկամական խմբերի ձևաչափով առաջինն է։ Իր խոսքում պարոն Մելքումյանն առաջարկեց մանրամասն ուսումնասիրել համագործակցության բոլոր ուղիները, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում:

Նա կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը, հավելեց, որ Հայաստանում հաջողությամբ գործում են ՏՏ կենտրոններ։ Միքայել Մելքումյանը նշեց, որ 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում հաջողությամբ է ընթանում կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև առանձին ընկերություններին տրվում են բիզնես արտոնություններ, պետության կողմից առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը։

Նա նաև ներկայացրեց գործընկերներին, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի ատոմային էլեկտրակայան։

Նշվեցին ոսկերչության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր հեռանկարները ։ Երկու երկրների տնտեսական համագործակցության համատեքստում  պարոն Մելքումյանն առաջարկեց կազմակերպել բիզնես համաժողովներ, որտեղ հնարավոր կլինի առարկայական քննարկել տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները։

Իր խոսքում նա կարևորեց նաև միջազգային խորհրդարանական հարթակներում պատվիրակությունների համագործակցությունը։

Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի անդամ Աալի Կարաշևը կարևորեց այն փաստը, որ երկու երկրներն իրենց համագործակցությունն ընդլայնելու համար շատ ընդհանուր ոլորտներ ունեն։  Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանն ունի զգալի հաջողված փորձ լեռնաարդյունաբերական ոլորտում, ինչպես նաև առաջարկեց հնարավոր  համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում ։

Կարաշևն ընդգծեց նաև տարբեր միջազգային հարթակներում  խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության կարևորությունը։

Պարոն Մելքումյանը գոհունակությամբ նշեց, որ ՀՀ ԱԺ առաջիկա նստաշրջանում կվավերացվի Հայաստանի և Ղրղզստանի միջև երկակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, ինչը ևս կնպաստի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը։

Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության համատեքստում թե՛ Հայաստանի, և թե՛ Ղրղզստանի համար արտոնություններ ունեցող ապրանքների ժամկետների երկարաձգման անհրաժեշտության հարցին ։ 

Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հիմնահարցերին՝ բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ընդունումը միջազգային հանրության կողմից։

Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիևան ընդգծեց, որ ղրղզական կողմը ևս կողմնակից է հակամարտությունների միմիայն խաղաղ կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նույն օրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ղրղզստանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ հայրենակիցների գործունեությանը։

Փետրվարի 29-ին Բիշքեկ կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ Հայաստան-Ղրղզստան բարեկամական պատգամավորական խմբին ընդունեց Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Էրկին Ասրանդիևը, ով համակարգում էր ԵԱՏՄ ոլորտը։ Հանդիպմանը քննարկվեցին Եվրասիական տնտեսական միությունում երկու երկրների մոտեցումները՝ համագործակցությունն առավել արդյունավետ և դինամիկ իրականացնելու համար։ Մասնավորապես, նշվեց ապրանքներին արտոնություններ տրամադրելու հետ կապված միասնական մոտեցումներով հանդես գալու հնարավորությունները։