Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Թորոսյան2
A A
Պաշտոնական

Արսեն Թորոսյանը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասին

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասին

Իմ տպավորությամբ, այն ինչ տեղի է ունենում կենտրոնի շուրջ` շատ քիչ աղերս ունի մասնագիտական սկզբունքների, սեփական իրավունքների համար պայքարի կամ կոլեկտիվի քաղաքացիական կեցվածքի հետ:

Կան բազմաթիվ երկրներ, որտեղ չկա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առանձին կազմակերպություն, ինչպես չկա օրինակ ժանտախտի, խոլերայի կամ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի առանձին կենտրոն: Ի դեպ, ժանտախտի դեմ պայքարի կենտրոններ եղել են ժամանակին, սակայն բարեբախտաբար դրանք բոլորը փակվել են` հիվանդության գրեթե վերացմանը զուգընթաց: Եղել են նաև մասնագիտացված հեպատիտների դեմ պայքարի կենտրոններ, որոնք կրկին ինտեգրվել են ինֆեկցիոն ընդհանուր համակարգ:

Բազմիցս նշել եմ, որ որևէ գույք (շենք կամ սարք) դուրս չի գալու առողջապահական համակարգից, որևէ ծառայության ծավալ և որակ չի իջեցվելու, այլ միայն ընդլայնվելու է: Եվ այն, ինչ հիմա կառավարությունն անում է` պետք է արվեր վաղուց, բայց չի արվել տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Եվ հիմա էլ փաստորեն սուբյեկտիվ և միայն սուբյեկտիվ պատճառով այս ինտեգրման դեմ գործողություններ են արվում և առիթ տալիս հաստատելու մեր այն ենթադրությունները, որ միգուցե այդ «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ, ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը:

Ես միայն ուրախ կլինեմ, եթե սխալվեմ և փարատվեն իմ այդ կասկածները: Եվ կոլեկտիվը կամ դրա մի մասը (մեծ կամ փոքր էական չէ) կարող է հենց հիմա ապացուցել` առաջնորդվում է նեղ անձնային, թե մասնագիտական շահերով: Ապացուցման ճանապարհն էլ ենք ցույց տվել` կատարել մեր օրինական պահանջները և աշխատել ծառայությունների որակը և ծավալը բարելավելու ուղղությամբ: Հակառակը անելը ոչ մի կերպ չի տեղավորվում կոլեկտիվի կողմից վկայակոչվող սկզբունքների շրջանակներում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և մենք պատրաստ ենք լսել ցանկացած աշխատակցի ցանկացած առաջարկություն և հաշվի առնել դրանք մեր հետագա քայլերում:

Հ.Գ. ի դեպ վերջերս «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը» վերանվանվեց «Թոքաբանության ազգային կենտրոնի», որտեղ մատուցվող ծառայությունները նույնպես ընդլայնվելու են: Եվ ես ոչ մի մեղադրանք չլսեցի, թե մենք «քանդում ենք» կայացած մի համակարգ, որովհետև մենք չենք քանդում որևէ համակարգ: Մենք միայն հզորացնում և ընդլայնում ենք դրանք` պահպանելով մինչ օրս արդյունք ցույց տված բուժական պրակտիկաները և բարեփոխելով նրանք, որոնք արդեն հնացել են և արդյունավետ չեն:

 

 

Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար