Կորոնավիրուսի հետեւանքները․ Իտալիայում ֆուտբոլային խաղերը կանցնեն առանց հանդիսականների
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի ֆուտբոլի առաջնության առաջիկա 26-րդ տուրի 5 հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների: Նման որոշում է կայացրել Ա լիգայի ղեկավարությունը: Պատճառը երկրի հյուսիսային շրջաններում բռնկված կորոնավիրուսի համաճարակն է:
«Յուվենթուս» - «Ինտեր» կենտրոնական խաղից բացի փակ դռների ետևում կանցնեն նաև «Միլան» - «Ջենովա», «Պարմա» - ՍՊԱԼ, «Սասուոլո» - «Բրեշիա» և «Ուդինեզե» - «Ֆիորենտինա» հանդիպումները:
Ի դեպ, ինչպես նշում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենթուսը» չի պատրաստվում երկրպագուներին վերադարձնել տոմսերի գումարը, որից ստացված շահույթը կազմել է մոտ 3 մլն եվրո: Իսկ ահա «Ինտերը», որն առանց հանդիսականների էր անցկացրել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի «Լուդոգորեցի» հետ խաղը, լիովին փոխհատուցել է տոմսեր գնած երկրպագուների ծախսերը: Խաղից հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ շատ անսովոր է խաղալ դատարկ տրիբունաներով, քանի որ այն ավելի շատ պարապմունք է հիշեցնում:
Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մարտի 1-ին կհյուրընկալվի «Կալյարիին», որը ներկայացնում է Սարդինիա կղզին: