Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ծիծեռնակաբերդ
A A
Քաղաքականություն

Պլանային միջոցառումներ են․ Պաշտպանության փոխնախարարը՝ զորահավաքների մասին (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության փոխանախարար Գաբրիել Բալայանը և պաշտոնական այցով Հայաստան եկած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության զոհերին։

Նրանք անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին։ Ընթացքում մեզ հաջողվեց մի քանի հարց ուղղել պաշտպանության փոխնախարարին։ Սահմանային իրավիճակի վերաբերյալ նա ասաց. «Նորմալ ա, հանգիստ ա»։

Դիտարկմանը, որ զորահավաքներ են իրականացվում, նա պատասխանեց, որ պլանային միջոցառումներ են, ամեն տարի կատարվում են, այս տարի ևս մի քանի անգամ լինելու է, անհանգստանալու որևէ պատճառ չկա։

«Եթե հիշում եք, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն արել ենք։ Որևիցե խնդիր չկա։ Սահմանային լարվածության հետ դա կապելը պարզապես միամտություն է», - ընդգծեց նախարարի տեղակալը։

Ինչ վերաբերում է, թե բանակում մահվան դեպքերից հետո ինչ փոփոխություններ են կատարվում, Բալայանը նշեց, որ հայտարարվել է տարբեր պաշտոնյաների կողմից, և արվել են համապատասխան կադրային փոփոխություններ, և դրանից ավելին հայտարարելու իրավասություն չունի։

«Աշխատանքները տարվում են, քրեական գործերը քննվում են, հանգամանքները պարզվում են, այդ թվում՝ նաև որոշակի նոր հանգամանքներ։ Բայց կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ այդ հարցերն ուղղել նախաքննություն իրականացնող և նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող գերատեսչություններին», - շարունակեց ՊՆ փոխնախարարը։

Անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանին ամիսներ առաջ ստեղծված լարվածությանը և այս իրավիճակում Հայաստանի գործողություններին՝ Գաբրիել Բալայանը շեշտեց, որ Հայաստանը, որպես Վրաստանի բարեկամ պետություն, դիրքորոշում հայտնել է, և ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավելի ճիշտ կմեկնաբանի։

Հարցին, թե կորոնավորուսի կապակցությամբ բանակում տեսակցությունների արգելքները ե՞րբ են հանվելու, պատասխանեց. «Երբ որ բավարար չափով համոզվածություն ունենանք, որ բացասական ազդեցություն չի կարող ունենալ, այսինքն՝ հին ձևաչափին, նորմալ վիճակին գալու համար որևիցե ազդեցություն չի ունենա, այն ժամանակ։ Մենք համագործակցում ենք մեր Առողջապահության նախարարության գործընկերների հետ, կարծում եմ՝ անհրաժեշտ միջոցառումներ են, որ իրականացնում ենք»։