Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aeroflot
A A
Սպորտ

Aeroflot Open 2020 շախմատային փառատոնում Հայաստանից մեդալ նվաճեց միայն Տիգրան Հարությունյանը

Մոսկվայում ավարտվեց Aeroflot Open 2020 շախմատային փառատոնը:

A խմբի մրցաշարում լավագույն արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, որը 6 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով ետ մնաց առաջին տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլիից: Մանուէլ Պետրոսյանը պարգևատրվեց 1700 եվրոյով:

Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը վերջին՝ 9-րդ տուրում, հաղթեց իր հայրենակից Շանթ Սարգսյանին, վաստակեց 5,5 միավոր և զբաղեցրեց 20-րդ տեղը: Նա ստացավ 700 եվրո պարգև:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը 4,5-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 48-րդ և 52-րդ տեղերը:

B խմբի մրցաշարում հաջող հանդես եկավ մեր գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր, իսկ լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը: Նա պարգևատրվեց 8000 եվրոյով: Արցախցի Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ Էլինա Դանիելյանը 6-ով գրավեց 11-րդ հորիզոնականը: Նրանք կստանան համապատասխանաբար 850 և 550 եվրո պարգևավճար:

Մրցաշարը հաջող սկսած Աննա Սարգսյանը վերջին երկու տուրերում պարտություն կրեց և վաստակած 5,5 միավորով բավարարվեց 22-րդ տեղով, որը 450 եվրո պարգև է տալիս մասնակցին: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով զբաղեցրեց 61-րդ տեղը:

C խմբի մրցաշարում համեմատաբար հաջող հանդես եկավ Արթուր Ղարագյոզյանը, ով 6,5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը՝ պարգևատրվելով 500 եվրոյով: 18-րդ տեղը գրաված Առնոլդ Մինասյանը ստացավ 250 եվրո պարգև: