Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ-ում տնտեսական աճի մակարդակն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների համեմատ․Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության նիստին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցի քննարկմանը, գործադիրի ղեկավարը զեկույցի նախաբանը հրապարակային ներկայացրեց։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2019 թվականը հետհեղափոխական Կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և 2019-ը պիտի ցույց տար Կառավարության գործունակության աստիճանը, որովհետև 2018-ին տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, և այն անցումային շրջան էր։

«Գրանցվել է 2008 թ․-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը ՀՀ-ում՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ։ Այսինքն մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամեբարձր տնտեսական աճը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը, շարունակելով ներկայացնել զեկույցից որոշ մանրամասներ, նշեց, որ մշակող արդյունաբերությունը 2019-ին աճել է 12 տոկոսով, որը 2000թ․-ից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքով 12, 1 կշռով դարձել է տնտեսության առաջատար ճյուղը։

«Ես սա համարում եմ շատ կարևոր մեր քաղաքական  հայտարարության այն կոնտեքստում, որ մենք Հայաստանը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր։ Ընդ որում այստեղ հանքարդյունաբերությունը հաշվառված չէ, խոսքը միայն մշակող արդյունաբերության մասին է»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019-ի արդյունքներով աճել է 10․3 տոկոսով։ Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի, մրգային գինիների, բուսական ծագման արտադրանքի ոլորտներում։

«Ես խոսել եմ նաև մրգային գինիների արտադրողների հետ։ Այստեղ շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում, մենք պետք է այս ոլորտին աջակցենք, որովհետև այստեղ հավանականություն կա նոր գլոբալ, հայկական բրենդ ստեղծել։ Նռան գինին աշխարհում սկսում է մարդկանց ավելի ու ավելի շատ դուր գալ։ Մեր ավանադական բանահյուսության, գրականության մեջ էլ նռան գինին շատ կարևոր նշանակություն ունի։ Այս համատեքստում արժե մտածել ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր ինտելեկտուալ սեփականությունը՝ նռան գինին գրանցելու մասին, որը նոր ուժ կտա այդ բրենդին»,-ընդգծեց նա։