Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե մարդը գլխի չի ընկել, որ կորոնավիրուսով վարակվել է, ո՞նց պետք է հայտնաբերի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մեկնարկել է Կառավարության նիստը։ Օրակարգում 36 հարց է, որից 31-ը չզեկուցվող է, իսկ զեկուցվող 5 հարցերից մեկն էլ գաղտնի է։ Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց տեղեկություն տալ, թե ի՞նչ վիճակ է կորոնավիրուսից պաշտպանվելու, դրա ներթափանցումը ՀՀ կանխարգելելու առումով, և թե ի՞նչ իրավիճակ է մեր տարածաշրջանում։

Ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց, թե երեկվա տվյալների համաձայն՝ աշխարհի 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, ընդհանուր 81 109 հազար հաստատված դեպք կա, որից 78 191-ը՝ Չինաստանում,  2718-ը՝ մահվան ելքով։

Արսեն Թորոսյանը նշեց, որ վարակվածների մեծ մասը բուժվում են, բայց մի մասի դեպքում էլ բժշկակական օգնության կարիք չկա։

«Այստեղ խոսքն այն է, որ եթե որևէ շնչառական սիմպտոմ նկատենք, օրինակ՝ հազ, փռշտոց և թեստը դնենք, խոսքը Հայաստանի մասին չէ, դեռևս հաստատված դեպք չունենք։ Օրինակ Չինաստանում փռշտացող մարդու մոտ կարող է հայտնաբերվել սեզոնային գրիպ, կամ կորոնավիրուսով վարակվածություն, այդ թիվը ավելանում է դրա պատճառով։ Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, ապա մոտ 5 տոկոսի շրջանակներում են ծանր դեպքերը, որոնք բժշկական օգնության կարիք ունենում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Ընդհատելով նախարարին, վարչապետը նկատեց՝ այսինքն դեպք կա՞, երբ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվել, թեյ, սուրճ, օղի խմի, հաջորդ օրը լավ լինի։

«Այո, դա մի կողմից դրական է, մյուս կողմից էլ բացասական, երբ որ հայտնաբերելիության առումով դու իրեն որպես դեպք չես կարող դիտարկել»,- ի պատասխան՝ ասաց Արսեն Թորոսյանը։

«Դե եթե մարդը գլխի չի ընկել, որ ինքը կորոնավիրուսով վարակվել է, ո՞նց պետք է հայտնաբերի»,- ծիծաղելով նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրվել է 139 դեպք, որից 19-ը մահվան ելքով է, իսկ Վրաստանում երեկ երեկոյան 1 դեպք է արձանագրվել։

«Ես առավոտյան խոսել եմ իմ գործընկերոջ հետ, նրա հետ շփված մարդկանց մոտ թեսթը բացասական է ցույց տվել, նրանք մեկուսացվել են, որպեսզի 2 շաբաթվա մեջ նրանք կամ կհամարվեն վարակակիր, կամ առողջ համարվելով, դուրս կգրվեն»,- տեղեկացրեց Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարը նշեց, որ այս պահին հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստանում կանխվի։ «Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, և Հայաստանն ապրում է իր բնականոն, առօրյա կյանքով։ Իհարկե, հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բանակում կանխարգելիչ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։

«Ուզում եմ՝ ծնողները, հարազատները այս փուլում ըմբռնումով մոտենան», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հորդորեց չթուլացնել զգոնությունը։

«Հայաստանի քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի տեղեկատվություն, ու կառավարությունն այն թաքցնի հանրությունից», - նշեց Նիկոլ Փաշինյանը։