Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captojpojure
A A
Հասարակություն

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները կառավարության դիմաց պահանջում էին հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականցնում։

Նրանք պահանջում են մասնագիտական քննարկումներ կազմակերպել նախքան կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հետ միավորելը։

Նրանք պնդում են, որ այդ որոշումն ի սկզբանե կայացվել է առանց մասնագետների հետ քննարկման։

«Կառավարման համակարգի փոփոխման հետ կապված վտանգվելու է ամբողջ այն համակարգը, որը մեզ հնարավորություն է տվել ունենալ վերահսկելի համաճարակ»,- ասում են նրանք։

Կենտրոնն ունի ընդհանուր 100 աշխատակից, կառավարության դիմաց հավաքվածների պնդմամբ՝ նախարարի որոշման հետ համաձայն չէ աշխատակիցների գերակշիռ մասը։

Աշխատակիցներից մեկը նաև նշեց՝ մտավախություն ունեն , որ վարչապետին ճիշտ չի ներկայացվել խնդիրը, ուստի հավաքվել են, որ վարչապետն անձամբ լսի իրենց մասնագիտական կարծիքը։

Թեև նախարարությունից ասում են, որ շենքը նույնն է մնալու, և էական որևէ բան չի փոխվելու, աշխատակիցներն ասում են՝ չեն կարող վստահ լինել։

Նշեցին, որ  բոլոր հնարավոր միջոցներով իրենց ձայնը լսելի են դարձնելու․

«Ներկայացված բոլոր հիմնավորումները հիմնազուրկ են»,-նշում է կենտորնի բժիշկներից մեկը։

Պնդումներին, թե իրենք աշխատում են կղզիացած, և այս քայլը ինտեգրման նպատակով է արվում, աշխատակիցներն արձագանքեցին․

«Չակերտավոր կղզիացած հիմնարկը համագործակցում է մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հետ, տուբերկուլոզային ծառայության հետ, և չկա առողջապահության մի ոլորտ, որ մեր պացիենտների առողջության հետ կապված մենք կաշկանդված ենք եղել»։

Տեղեկացրին, որ իրենց նպատակն այն է, որ միացման որոշումը կասեցվի, և չկայացվեն միանձյա որոշումներ, այլ դրանք կայացվեն մասնագիտական քննարկումների արդյունքում։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Հավաքվածները նշեցին, որ նորանշանակ տնօրենը համաձայն է կենտրոնի միավորմանը և նշանակվել է հենց այդ նպատակով, ուստի նրան ընդունել չեն կարող։ Տնօրենի ազատման հրամանը ևս նրանք համարեցին հիմնազուրկ։