Բացել լրահոսը Փակել լրահոսը
85067309_2672780593008423_4782008066151284736_n
A A
Մշակույթ

«Արամ Խաչատրյանի անունը գիտի յուրաքանչյուր ճապոնացի աշակերտ» (տեսանյութ)

Ռոյալ, տիմպաններ, թմբուկներ, քսիլոֆոն և այլ հարվածային գործիքներ՝ շուրջ 91 հազար դոլար արժողությամբ, Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով կտրամադրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբին։

Այսօր երաժշտական գործիքների վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին Հայաստանի «Կամերային երաժշտության ազգային կենտրոնի» տնօրեն Նորայր Նազարյանը և ՀՀ –ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան։ 

«Կամերային երաժշտության ազգային կենտրոնի» տնօրենի խոսքով, 1976 թվականից սկսած՝ կենտրոնը չի ունեցել հարվածային գործիքներ, և ծրագիր ընտրելիս, ավաղ, հաշվի են առել այս հանգամանքը։ Ինչ վերաբերում է ռոյալին, ապա այն վաղուց անմխիթար վիճակում է, և հայտնի դաշնակահարներն անշուշտ չէին համաձայնում  ելույթ ունենալ կենտրոնում։

«Խնդրանքով դիմեցինք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադանին և անչափ շնորհակալ ենք, որ այժմ արդեն կարող ենք ընտրել բազմաոճ երկացանկ, նաև հյուրախաղերի կանչել դաշնակահարների»,-ասաց Նորայր Նազարյանը։

«Արամ Խաչատրյանի անունը գիտի յուրաքանչյուր ճապոնացի աշակերտ, որը հաճախում է երաժշտական դպրոց, իսկ հանճարեղ Կոմիտասի անունով Տոկիոյի կոնսերվատորիայում կա կոմիտասյան երաժշտասերների հասարակական ակումբ։ Դուք այնպիսի բարձր մշակույթ ունեք, որ մեր պատիվն է նման ներդրում կատարելը»,- ասաց Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադանը։