Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սերգո Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալու մասին (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարան եկավ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, ով պաշտոնավարել է 2010-2016թթ.-ին։

Նշենք, որ 15: 30-ին դատարանը կհրապարակի Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի՝ դատախազ Արսեն Մարտիրոսյանի դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Լրագրողի հարցին, թե ինքը ցուցմունք տվե՞լ է Սերժ Սարգսյանի դեմ, Սերգո Կարապետյանն ասաց, որ հետևենք դատական պրոցեսներին և բոլոր հարցերի պատասխանը կստանանք։ «Ուրիշ բան չունեմ ասելու», - շեշտեց նա։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սերգո Կարապետյանը «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Բարսեղ Բեգլարյանին, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանին։