Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capturugiuge
A A
Քաղաքականություն

Արամ Մանուկյանը վարչապետին ու ԱԺ նախագահին է փոխանցել «ապօրինի վճիռ կայացրած դատավորների ցանկը» (տեսանյութ)

Ազգային ժողովում ՀՀ դատական օրենսգրքի ու հարակից օրենքների նախագծերի փաթեթի խորհրդարանական լսումների ընթացքում  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետին ու ԱԺ նախագահին է փոխանցել ապօրինի վճիռ կայացրած դատավորների ցանկը, ովքեր Մանուկյանի խոսքով՝ «մեղք են գործել արդարադատության առաջ, վարկաբեկել են ՀՀ դատական համակարգը և Հայաստանի դատական համակարգը։

«Արդյունքն այն է, որ ՄԻԵԴ–ից գալիս են վճիռներ (գնալով` ավելի շատ), թե այդ ընթացքում որքան ապօրինի վճիռներ են կայացվել, որքան մարդկանց իրավունքներ են ոտնահարվել, և մեր երկիրը դեռ շատ երկար ֆինանսական վնասներ է կրելու այդ ապօրինի վճիռների հետ կապված»,- ասաց Մանուկյանը։

Նրա պնդմամբ՝  նախատեսվող կարգապահական վարույթներ հարուցելու համար սահմանված 8 տարվա վաղեմության ժամկետը խնդրահարույց է, և Հայաստանում կիրառելի չէ։

Ըստ Մանուկյանի՝ սա անօրինական վճիռներ կայացրած դատավորներին, Մարտի մեկի գործով դատավորներին պատասխանատվությունից «պլստալու» հնարավորություն է տալիս։

«Ժամկետ չպիտի դրվի այստեղ, որովհետև վաղվա համար, մյուս օրվա համար, հետո եկողների համար ցանկացած դատավոր պետք է իմանա, որ իր խախտումը երբևէ իշխանափոխության հետ էլ չի կարող ներվել, մարսվել, անցնել»։

Մանուկյանը՝ հույս հայտնեց, որ այս հնարավորությունն օրենքում տրվել է չգիտակցված ձևով։

«Մեր մոտեցումներն այս առումով շատ խիստ են։ Սա ձեր հեղափոխության պարտադիր ատրիբուտներից մեկը պետք է լինի։ Բոլոր այն դատավորները, որոնք մեղք են գործել և՛ սեփական երկրի, և՛ միջազգային հանրության, և՛ օրենքի առջև, պետք է պատասխանատվության ենթարկվեն գոնե համակարգից հեռացվելու ձևով»։

Մանուկյանը, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, ասաց․

«Դուք պաշտպանության տակ եք վերցնում Մարտի 1-ի գործով և Բուզանդի գործով ապօրինի վճիռներ կայացրած հանցագործ դատավորների իրավունքները»։