Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ցուցմունքի՝ գործի մեջ կարված լինելը, դեռ չի նշանակում, որ դա կշիռ ունի․ Ամրամ Մակինյան (տեսանյութ)

«Սա ուղղակի զավեշտ է, որ այդ կարող է կոչվել քրեական գործ, կարող է մեղադրանք դառնալ ու գալ դատարան։ Այստեղ ենթատեքստ չկա, ուղղակի քաղաքական հետապնդում է»։ Նման կարծիք հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ անդրադառանալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասին։

Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Ամրամ Մակինյանը չցանկացավ պարզաբանել, թե ինչ նկատի ունի ասելով, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նա միայն նշեց․

«Դա ուղղված է պարոն Սարգսյանի քաղաքական գործունեությանը առնվազն զսպելուն»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նաև չցանկացավ այն մարդու անունը տալ, որը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել։ Սակայն, նշենք, որ մամուլում շրջանառվում է գործով անցնող, 2010-2016 թթ. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի անունը։

«Ես պնդում եմ, որ այդ ցուցմունքն էլ չկա։ Միայն ցուցմունքի՝ գործի մեջ կարված լինելը, դեռ չի նշանակում, որ դա կշիռ ունի»,- նշեց նա և հավելեց․

«Ամեն ապացույց չի, որ կարող է անցնել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մաղերով և դա մնալ որպես ապացույց»։

Լրագրողի դիտարկմանը, թե ցուցմունք տվողը՝ Սերգո Կարապետյանն այսօր մասնակցում էր դատավարությանը, Ամրամ Մակինյանը կրկնեց, որ չի ուզում անուն տալ։

Ի դեպ, այսօր ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նույնպես նշվում էր, որ կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին։

Ամրամ Մակինյանը հայտնեց նաև, որ դիմել են ՊԵԿ, որպեսզի որոշ հանգամանքեր պարզեն, բայց ստացած պատասխանը իրենց չի բավարարել։

«Դրանք վերաբերում էին վառելիքի քանակին, ինքնարժեքին, ձեռքբերմանն ու իրացմանը, բայց ՊԵԿ-ը պատասխանում է, որ մեր հայցած տեղեկությունները պարունակում են առևտրային գաղտնիք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Սույն գործով անցնում է նաև 2010-2016 թթ. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Ըստ մեղադրանքի՝ նա, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Մանրամասները՝ տեսանյութում։