Բացել լրահոսը Փակել լրահոսը
87851785_135313154434813_2978920691518144512_n
A A
Քաղաքականություն

Աջակիցները Սերժ Սարգսյանին ծափահարություններով դիմավորեցին դատական նիստերի դահլիճում

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դատական գործով առաջին նիստը։

Սերժ Սարգսյանը մասնակցում է նիստին։ Աջակիցները վերջինիս ծափահարություններով դիմավորեցին, երբ նա մտնում էր դատական նիստերի դահլիճ։

Նիստին ներկա է նաև գործով անցնող, 2010-2016 թթ. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որին ուղղված ամոթանքի խոսքեր հնչեցրին դատական նիստին մասնակցող Սերժ Սարգսյանի համակիրները։

Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը, 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Սույն գործով անցնում է նաև 2010-2016 թթ. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Ըստ մեղադրանքի՝ նա, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Բարսեղ Բեգլարյանին, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանին։

Նրանց բոլորի նկատամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։