Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եկել եմ իմ ընկերոջն աջակցելու․ Արա Բաբլոյան (տեսանյութ)

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցների թվում էր։ Լրագրողների հետ զրույցում Բաբլոյանը նշեց, որ լավ է ճանաչում Սարգսյանին, վստահ է, որ  նա  չի կարող տալ ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի, նշեց, որ պետք է պատասխան տան նրանք, ովքեր պատասխանատու են եղել մրցույթի անցկացման համար։

«Գործին շատ մոտիկից ծանոթ չեմ, չեմ կարող ասել՝ գործի որ մասն է շինծու, որ մասը՝ ոչ։ Այն մասը, որ Սերժ Սարգսյանին ներգրավվել են այս գործի մեջ, գտնում եմ, որ, այո, քաղաքական ենթատեքստ ունի։ Շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին, ու գիտեմ՝ նա չի կարող միջամտել եւ տալ ինչ-որ մի ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի»։

Լրագրողի հարցին՝ քաղաքական ենթատեքստի նպատակը ո՞րն է, Բաբլոյանն ասաց, որ չի կարող պատկերացնել՝ այդ նպատակները ինչի՞ հիման վրա են կառուցված։

Ինչ վերաբերում է արդարադատությանը, Բաբլոյանն ասաց՝ երբ դատարանը իր հարցով որոշում կընդունի, այդ ժամանակ պարզ կլինի ՝ ինչ մակարդակում է գտնվում է արդարադատությունը։

Դիտարկմանը, որ ՀՔԾ-ն հայտնում է, որ Սերժ Սարգսյանի հրահանգով տեղի է ունեցել հանցագործություն, Բալոյանն ասաց. «Դուք ասացիք՝ ՀՔԾ-ն ասում է, ես էլ ձեզ կարող եմ ասել, որ ՀՔԾ-ն ասում է, որ Բաբլոյանը հանցագործություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, որը բացառապես որևէ հիմք չունի։ Դրա համար եթե ես վստահ չլինեմ, որ արդարություն գոյություն ունի, ես ձեզ մի օր կհրավիրեմ, երբ որ դատը տեսնեմ՝ ճիշտ չի իրականացվում, որովհետև ես սպասում եմ, որ գործը դատարան հասնի, էդ պարագայում 5 հատորը ես ձեզ կծանոթացնեմ, և դուք կտեսնեք, որ նույնիսկ մի բառ չկա, կամ մի հնարավորություն չկա, որպեսզի ասեն՝ այ Բաբլոյանը սա սխալ է արել, այս պատճառով կարելի է Բաբլոյանին մեղադրել։ Չեմ հասկանում՝ ՀՔԾ-ն ինչի վրա է հիմնվել»։

ԻՆչ վերաբերում է Սերգո Կարապետյանի կողմից  Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուն՝ Բաբլոյանն ասաց.

«Չեմ սիրում մարդկանց մասին խոսել, բայց մարդիկ տարբեր են։ Ես կարող եմ միայն իմ ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի մասին խոսել, որին հավատում եմ ու գիտեմ, որ ինքը շատ շիտակ է»։

Բաբլոյանը շեշտեց, որ եկել է իր ընկերոջն աջակցելու։