Բացել լրահոսը Փակել լրահոսը
Paruyr-Hayrikyan
A A
Քաղաքականություն

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը մի կեղտը մեկ այլ՝ ոչ պակաս կեղտով փոխարինելու դրսևորում է․ Պարույր Հայրիկյան

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ «Ա1+»-ը հարցեր է ուղղել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանին։ 

Պարոն Հայրիկյան, ապրիլի 5-ին հանրաքվե է տեղի ունենալու, որով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ընտրված ՍԴ 7 դատավորներ լիազորությունները։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Չի կարելի տիեզերանավով Արտաշատից Աշտարակ մեկնել։ Սահմանադրական դատարանի անդամների մի մասը խանգարել է մեր ժողովրդին ունենալ իսկապես քաղաքացիներին երկրի տերը դարձնող նախագիծ։ Նրանք արել են ամենավատ բանը, որ կարող էին անել հայ ժողովրդի դեմ, սակայն այս ձևով նրանցից ազատվելու գործողությունը ուղղակի` ա) հակասահմանադրական է և բ) ոչ ողջախոհ։ Նույն ծախսերով նույն ժամանակահատվածում կարելի էր ծանոթանալ մեր 2014 թ.-ին ներկայացված նախագծին, նրանում նաև հավելումներ կատարել Սահմանադրական դատարանի և վերաքննիչի համատեղման առաջարկների խնդրով և գնալ առաջ։ Ինձ համար սա անմակարդակության դրսևորում է։

Իշխող ուժի ընդդիմախոսները գործադիր և օրենսդիր իշխանությունների գործողությունները ՍԴ-ի շուրջ որակում են որպես մեկ անձի դեմ ուղղված՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, իշխանության մյուս թևի՝ դատական իշխանության ուզուրպացիայի փորձ, մենիշխանության՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի հաստատման փորձ։ Որո՞նք են ձեր դիտարկումները։

Հայաստանում հանգամանքների բերումով առաջացել է իշխանության գոնե երկու ճյուղերի իրական հակակշռում և հավասարակշռում։ Դրանից վախեցող ամեն ոք անտարակույս ունի հետին նկատառումներ։ Ո՞վ կարող է դրական վերաբերել իշխանության` հոգի տալու դրսևորումներին։ Անկախ նրանից` մենք այսօր ինչ զարգացումներ կունենանք, գործ ունենք բացասական դրսևորումների հետ։

Իշխանությունները նշում են, որ գործող Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության և հանրային վստահության պակաս։ Նաև նշում են, թե ՍԴ-ն տարիներ շարունակ դակել է կեղծված ընտրությունները։ ՍԴ-ն վստահության կարի՞ք ունի՝ հաշվի առնելով, որ ուղիղ կերպով, անհատապես չի առնչվում քաղաքացիներին։ 

Սուտ է, թե իշխանությունները մտահոգ են արդար ընտրություններով։ Հիմնական կեղծիքները կյանքի են կոչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով։ Ազնիվ չէ, նախորդ ռեժիմի հակաիրավական ընտրական օրենսգրքով և շատ ավելի հակաիրավական սահմանադրությամբ, Մուկուչյանով և Արմեն Սարգսյան նախորդ ռեժիմի նախագահով ընտրությունների գնալ և խոսել ընտրությունների օրինականության մասին։

Ձեր վերաբերմունքը Սահմանադրական դատարանի և գործադիր, օրենսդիր իշխանությունների միջև տեղի ունեցողի նկատմամբ։ Եվ ի՞նչ առաջարկություններ ունեք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը մի կեղտը մեկ այլ ոչ պակաս կեղտով փոխարինելու դրսևորում է։ Այո՛, մենք ունենք դատական համակարգի հարց, բայց ունենք նաև գործադիրի ու օրենսդիրի խնդիրներ, քաղաքացու երկրի կառավարմանը իրավահավասար կերպով մասնակցելու, քաղաքացիների իրավահավասարության խախտման, պետական համակարգն արհեստական ուռճացումից ազատելու և այլ խնդիրներ։ Դրանք պետք է միասին որպես համակարգային հարց օրակարգում լինեին, մինչդեռ առանձնացվել է մեկ՝ մյուսների համեմատությամբ անհամեմատ փոքր հարց։ Ինձ ամենից տխրեցնողն այն է, որ հեղափոխական ճանապարհով արմատական փոփոխություններ կատարելու անընդունակ մարդիկ Սահմանադրության պահպանմամբ աշխատելու պատրաստակամություն արտահայտելով հանդերձ, միայն իրենց հայտնի «կարևոր» խնդիր են փորձում լուծել Սահմանադրության կոպիտ խախտմամբ։ Դա իհարկե անհետևանք չի մնալու։ Եվ առաջին օրվանից Սահմանադրական բարեփոխումներն են, որոնց հիմքում պետք է լինի քաղաքացու դերակատարության բարձրացումը, և այդ բարձր մակարդակի ամրագրումը սերունդների համար։ Նիկոլը շարունակում է իր «վայ ուսուցիչ» Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա զույգ աշակերտների բացասական «ավանդույթները»։ Այդպես որևէ տեղ չի հասնի։