Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը սլովակ գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձավ ադրբեջանական կողմի կրակոցներին Տավուշի ուղղությամբ (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստան Հանրապետություն է այցելել Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։

ՀՀ արտգործնախարարության շենքում վերջինիս ընդունեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

ՀՀ արտգործնախարարները նախ ողջունեցին միմյանց, որից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին։ 

Լրագրողի դիտարկմանը, որ Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտը դրել էր անվտանգության երաշխիքների վրա և հարցին, արդյո՞ք ազգերի ինքնորոշման հարցը մղվել է երկրորդ պլան, թե՞ գոյություն ունի, Մնացականյանը պատասխանեց, որ բոլոր նրանք, որոնք մասնագիտորեն, պրոֆեսիոնալորեն հետևում են գործընթացին, վստահաբար չեն առաջնորդվում առանձին վերցրած հանգամանքով, այլ համապարփակության մեջ են տեսնում։ 

Ի հավելումն՝ ՀՀ արտգործնախարարն ընթերցեց Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթից մի հատված.

«Արցախի ժողովրդի  ինքնորոշման անքակտելի իրավունքը  հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը  ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի։ «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքն ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս...»։

Մնացականյանին ընդգծեց, որ սա կարևորագույն տարր է Արցախի հարցում։ 

Անդրադառնալով Տավուշի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցներին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ դրա մասին իմացել է սլովակ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, և վերլուծելու առիթ չի ունեցել։ 

«Բայց կարող եմ ասել, որ չափազանց մտահոգիչ է, որովհետև շատ լավ գիտեք, որ ռիսկերի, էսկալացիայի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույն տարրերից մեկն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ։ Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալիս ռեալ, իրական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում», - շեշտեց Զոհրաբ Մնացականյանը։

Անդրադառնալով «Իսրայել-Պաղեստին հակամարտության կարգավորման դարի գործարքին»՝ արտաքին գերատեսչության ղեկավարը հնչեցրեց Հայաստանի դիրքորոշումը.

«Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը, և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերը։ Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործմամբ անկախ պետության ստեղծման ձգտմանը»։ 

Հայաստանը, ըստ ՀՀ արտգործնախարարի, հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է այնտեղ եղած դարավոր ներկայությամբ, հայկական պատմա-մշակութային դարավոր ժառանգությամբ։ 

«Հայաստանը դիտում է Արևելյան Երուսաղեմը որպես 1967 թվականի գրաված տարածքների մի մաս, և գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում», - շարունակեց նախարարը։ 

Իտալիայում կորոնավորուսի տարածման պատճառով օդային տարածքի փակման հնարավորության մասով Մնացականյանն ասաց, որ կորոնավորուսը մարտահրավեր է բոլոր երկրների համար, Հայաստանը սերտորեն աշխատել է Չինաստանի հետ, միջոցառումներ է ձեռնարկել, սերտորեն աշխատում է Իրանի հետ։ 

«Ինչ վերաբերում է Իտալիային, սա նույնպես չէր կարող վրիպել մեր ուշադրությունից, և այստեղ նույնպես մենք գնահատում ենք, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի նույնպես միասնաբար հաղթահարել, պաշտպանել մեր բնակչությանը, թույլ չտալ համաճարակի տարածումը», - նշեց նա։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ ԱԳ նախարարն ասաց, որ Հայաստանը մնում է խաղաղ կարգավորման կողմնակիցը։ 

Ի պատասխան լրագրողի հարցին՝ Լայչակն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Սլովակիայի արտգործնախարարը դրական գնահատեց այս տարվա հունվարի վերջին ՀՀ և ԱՀ արտգործնախարարներ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումները։ «Որովհետև կարևոր է, որ առաջնորդները և արտգործնախարարները հանդիպեն և քննարկեն՝ ինչպես առաջ տանել հարցի լուծումը։ Սլովակիան, անշուշտ, լիարժեք սատարում է խնդրի հանգուցալուծման գործընթացին, որ առաջնորդվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Մենք ամբողջովին վստահում ենք նրանց աշխատանքին, շատ սերտորեն աշխատել ենք նրանց հետ անցյալ տարվա ընթացքում, ուստի ես ողջունում եմ այն փաստը, որ նախարար Մնացականյանն ինձ տեղեկացրեց վերջին զարգացումների մասին։ Սլովակիան պատրաստ է իր կողմից հասանելիքն անել»,- եզրափակեց Միրոսլավ Լայչակը։

Ասուլիսից հետո նախարարները և պատվիրակությունները գնացին Հայաստանում Սլովակիայի դեսպանատան բացման արարողությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։