Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սաղաթելյան
A A
Քաղաքականություն

Վանեցյանի հետ ևս մի հանդիպում, քննարկում եղել է․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Մեր բոլոր գործողությունները բխելու են «Բացառել «այո»-ն» կարգախոսից»,- անդրադառնալով Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունների դադարեցման համար նախատեսված հանրաքվեին՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ գործիչն ասաց, որ տարբեր միջոցառումներ են մտածվում, և առաջիկայում կոնկրետ գործողություններով հանդես կգան։

Հասարակության շրջանում առկա է մթնոլորտ, որ, ըստ նրա, երկիրը դուրս է եկել իր զարգացման հունից։ Սաղաթելյանը քաղաքական օրակարգում երեք առաջնահերթություն առաձնացրեց․ Արցախի հարց, տնտեսություն անհրաժեշտ պայմաններով, հայոց ինքնության, ազգային արժեքների, եկեղեցու, հայագիտության նկատմամբ ոտնձգությունների բացառում։

Անդրադառնալով Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ բոլոր ազնիվ և արդար մեթոդներով լիարժեք ընտրարշավ են իրականացնելու։ «Դաշնակցության ընդգծված ներկայությունն Արցախի քաղաքական կյանքում բխում է Արցախի, Արցախի ժողովրդի և ընդհանուր հայ ժողովրդի շահերից՝ իբրև ազգային և Արցախի հարցում խիստ սկզբունքային կուսակցության»,- ընդգծեց նա։  

Մյունխենյան անվտանգության համաժողովում Արցախի հիմնախնդրի շուրջ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման մասով՝ Սաղաթելյանն ասաց, որ դա մեզ ոչինչ չտվող քննարկում էր։ 

«Հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով, և պետք է շատ հստակ հասկանանք՝ դիմացի կողմն ինչ զիջումների է պատրաստ»,- Արցախյան հիմնախնդրի լուծման մասով նշեց քաղաքական գործիչը։

Դիտարկմանը, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ պատրաստվում է կուսակցություն հիմնել և հարցին, թե արդյոք փորձե՞լ է կապ հաստատել ՀՅԴ-ի հետ կամ միմյանց միջև հանդիպում եղե՞լ է, Սաղաթելյանը պատասխանեց, որ քաղաքական դաշտի բոլոր կուսակցությունների հետ տարբեր օրակարգերի շուրջ պարբերաբար քննարկումներ ունենում են։ 

«Վանեցյանի հետ ևս մի հանդիպում, քննարկում եղել է»,- ասաց ՀՅԴ գործիչը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։