Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Մամիջանյան
A A
Քաղաքականություն

«Ցանկացած սցենարի պարագայում ՀՀԿ-ն ունի իր գործունեության մոտավոր, նախանշված պլանները» (տեսանյութ)

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն արդեն իսկ հայտարարություն տարածել են։ Երկու հայտարարություն` կապված հակասահմանադրական գործընթացի հետ, որի հետ կապված մասնակցությունը սահմանափակվելու է մեր կուսակցության և կուսակից ընկերների հայտարարության դրույթներով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ նախագահ, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները դադարեցնելու համար նախատեսված հանրաքվեին։

Մամիջանյանը մասնակցում էր  Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 7-րդ Պատգամավորական ժողովին։

ՀՀԿ ԵԿ ղեկավարն ասաց, որ կուսակցությունը շարունակելու է պահպանել հայանպաստ օրակարգ՝ սկսած բանակից մինչև տնտեսություն և կառուցել իրական օրակարգ, որը վաղուց խորհրդարանից դուրս է և հստակորեն չի արտացոլում իշխող քաղաքական ուժի կողմից այս պահին նախաձեռնվող քաղաքական գործընթացները։

Անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող իրավիճակին՝ ՀՀԿ գործիչը նշեց, որ երբ փորձում են կռահել իշխանությունների ներկայումս որդեգրած քաղաքականությունը, ըստ գործողությունների, պատկերը բավական մտահոգիչ է լինում։ «Ցանկալի կլինի, որ մենք վերջապես, արդեն գրեթե 2 տարի հետո ստանանք բանաձևը, որով աշխատում է գործող քաղաքական ուժը»,- շեշտեց նա։

Հարցին, եթե ի վերջո հանրաքվեի միջոցով դադարեցվեն ՍԴ 7 դատավորների լիազորությունները, ՀՀԿ-ի քայլերն ինչպիսի՞ն են լինելու, պատասխանեց․ «Քաղաքական օրակարգը կձևավորվի, վստա՛հ եղեք, որ ամենաառաջիններից կլինի Հանրապետականի արձագանքը․․․ «Եթե»-ներ քաղաքականությունը չի ակնկալում, պետք է գործընթացը տեղի ունենա, այնուամենայնիվ, կտեսնեք հակաազդեցությունները։ Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ ցանկացած սցենարի պարագայում ՀՀԿ-ն ունի իր գործունեության մոտավոր, նախանշված պլանները»։

Մամիջանյանը նաև ընդգծեց, որ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ եվրոպական կազմակերպությունները շատ ավելի զուսպ են պաշտոնական հայտարարությունների ժամանակ, քան անձնական զրույցների և շփումների ժամանակ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։