Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դաշնակցությունը կտրամադրի հանձնաժողովի անդամներ՝ հանրաքվեի գործընթացը վերահսկելու համար․ Արգիշտի Գևորգյան (տեսանյութ)

Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության՝ փետրվարի 22-23-ն ընթացող 7-րդ Պատգամավորական ժողովի ընթացքում քննվում է նախկին վարչության գործունեությունը։ 

Բացի այդ, ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը, տրվում է գնահատական, ճշտվում են նոր վարչության ուղենիշները, ընտրվում է գործունեության նպատակներին համապատասխան կենտրոնական վարչություն։

Գևորգյանն առանձնացրեց ՀՅԴ ԵՄ գործունեությունից «Ահազանգ» նախաձեռնությունը, որը դեմ էր եկամտահարկի համահարթեցմանը։ 

«Ակտիվ պայքար էր, որը, ցավոք, իր արդյունքը չտվեց օրենքի իմաստով, և օրենքն ընդունվեց։ Հայաստանն անցավ եկամտային հարկի համահարթեցմանը, որն ամբողջ աշխարհում ապացուցված էր, որ չի գործել։ Եվ հիմա աշխարհի 4 չորս պետությունում է գործում նման հարկային համակարգը, որոնցից մեկն արդեն վերադառնում է պրոգրեսիվին»,- նշեց Գևորգյանը։

ՀՅԴ ԵՄ ներկայացուցչի խոսքերով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դեմ բողոքի ակցիաները պատրաստվում են շարունակել, և երկուշաբթի օրն Ազգային ժողովում կայանալիք լսումներից կախված կճշտվեն իրենց հետագա անելիքները։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները դադարեցնելու համար նախատեսված հանրաքվեին՝ նա նշեց, որ չնայած ՀՅԴ-ն կողմ է անմիջական ժողովրդավարությանը, և գնահատելի են հանրաքվեներն ընդհանրապես, սակայն հանրաքվեն երկակի ստանդարտներով օգտագործելն անընդունելի է։

Գևորգյանն ասաց, որ «Ոչ»-ի շտաբը դիմել է Դաշնակցությանը, կուսակցությունը կտրամադրի հանձնաժողովի անդամներ՝ գործընթացը վերահսկելու համար։ Իսկ դիտորդների, վստահված անձանց մասով պատասխանեց․ «Դիտորդներ և վստահված անձինք, կարծում եմ, կլինեն, բայց սպասենք մեր ժողովի ավարտին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։