Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սահմանադրական դատարանի այս մոդելը արդեն հաստատված է Վենետիկի հանձնաժողովի կողմից․Լիլիթ Մակունց (տեսանյութ)

 «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է։ Անդրադառնալով հանրաքվեն բոյկոտած քաղաքական ուժերին՝ Մակունցն ասում է․

«Այն քաղաքական ուժերը, որոնք հանրաքվեն բոյկոտելու կամ չմասնակցելու կոչ են անում, դրանով արդեն  իսկ անթաքույց իրականացնում են «Ոչ»-ի քարոզարշավ»,-ասում է Մակունցը։

Վերջինս նշում է՝ իր համար անհասկանալի է՝ ինչու այս պարագայում քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ։

Մակունցը վստահեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացն իրավական ու սահմանադրական է:

«Այս հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության մեկ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխությունն վերականգնելու ՍԴ այն մոդելը, ձևը, որը հաստատվել է 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով: Այն հավանության  և դրական եզրակացության է  արժանացել միջազգային կառույցների կողմից, որոնց ուղարկվել է: Հետրաբար՝ այստեղ հարցը նոր ընդունված Սահմանադրությունն ամբողջապես գործարկելու մասին է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության համար և ինչ էր ակնարկում վարչապետը նախօրեին տված հարցազրույցում, Մակունցն ասաց․

«Այն, ինչ մենք նախատեսում ենք փոխել, վերականգնելն է մոդելը, որը 2015թ.-ի սահմանադրական փոփոխությամբ հաստատվել է, որը այս պահին չի գործում: Հիմա չի գործում այն Սահմանադրական դատարանը, որի մոդելը հաստատել են միջազգային կառույցները: Պիտի ասեմ, որ մենք վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք, բայց այստեղ տարակուսանք է առաջանում, որովհետև գործ ունենք մի փաթեթի հետ, որն արդեն իսկ հաստատվել է, որովհետև մենք ընդամենը վերականգում ենք այդ՝ հավանության արժանացած փաթեթը»:

Մակունցը վստահեցնում է, որ հանրաքվեի արդյունքում ձևավորվող ՍԴ մոդելը արդեն հաստատված է Վենետիկի հանձնաժողովի կողմից։

Ինչ վերաբերում է քարոզարշավին, Լիլիթ Մակունցն ասում է՝ իրենց քաղաքական թիմի նպատակն է իրականացնել այնպիսի քարոզարշավ, որ կարողանան քաղաքացիներին համոզել՝ գնալ ընտրատեղամաս և այնտեղ դիրքորոշում հայտնել:

Նա վստահեցրեց, որ իրենց քարոզարշավը լինելու է ակտիվ, վարչապետը ևս ակտիվ ներգրավված է լինելու քարոզարշավին։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին և կառավարման համակարգի վերաբերյալ դիտարկումներին, Մակունցն ասաց․

«Ամեն ինչ պետք է զսպումների և հակակշիռների տրամաբանության մեջ լինի, և հետևաբար այստեղ չափազանց կարևոր է բոլոր իշխանությունների անկախությունը, ինչը երաշխավորելու քայլերից եկն էլ այն հանրաքվեն է, որ նախաձեռնվում է»։

Մակունցը նշեց, որ պետք է քննարկվի խորհրդարանի ուժեղացման հարցը։